Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանի և ՌԱԿ Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի շրջանակի պատասխանատու Պօղոս Թէքէեանի հետ։

ՌԱԿ ներկայացուցիչները Աննա Հակոբյանին ներկայացրել են Նիդերլանդների փորձը, որտեղ փախստականների և խոցելի խմբերի համար գործում են ծրագրեր, որով նրանք նախ սպասարկման ոլորտի փորձ ու հմտություններ են ձեռք բերում, ապա մայր ու զավակ աշխատանքի են տեղավորվում տարբեր ռեստորաններում, այդ թվում «Սոցիալական ռեստորան»-ում։ Պօղոս Թէքէեանի խոսքով, նրանց թվում կան նաև առանձնահատկություններ ունեցող անձինք։

Աննա Հակոբյանը իր խոսքում նշել է, որ նման ծրագրի գաղափար կա նաև «Իմ քայլը» հիմնադրամում։ Նախատեսվում է հիմնել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդներ: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը ընդգծել է սակայն, որ Հայաստանում քիչ են այն մասնագետները, որոնք կարող են սովորեցնել նման երիտասարդներին ուտեստներ պատրաստել կամ մատուցել դրանք։ ՌԱԿ ներկայացուցիչները փաստել են, որ կարող են աջակցել նաև փորձի փոխանակման, նման մասնագետների պատրաստման հարցերում։

Աննա Հակոբյանն արձանագրել է, որ երկու ծրագրերում կան շատ նմանություններ և ծրագրի մշակման ու իրագործման ընթացքում շատ օգտակար կլինի նիդերլանդական փորձը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել և արդեն ավելի առարկայական ու մանրակրկիտ քննարկել հետագա գործակցության հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում