Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու․ Նիկոլ Փաշինյան
Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին։
Նա նշեց, որ Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։
«Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։ Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ։ Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան։ Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման՝ իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի՛ ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ