Հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Բրազիլիայում կայացած ամառային սուրդլիմպիկ խաղերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք մայիսի 1-15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել:
Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ: Բրոնզե մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սարգիս Սարգսյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (67 կգ), Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը (-60 կգ):
ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիչներ Գագիկ Սերոբյանը, Մարտին Ալիխանյանը, Ժիրայր Հովհաննիսյանը և Արտյոմ Մելքոնյանը:
Կարեն Գիլոյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել գոհացնող արդյունքների համար. «Շատ շնորհակալ եմ այս մասնակցության համար: Հաջորդ տարվա համար բյուջեն հաստատված է, կստանաք այն բոլոր ֆինանսական հատկացումները, որոնք նախատեսված են օրենքով: Ի դեպ, այդ մասով մենք մտադիր ենք նաև որոշակի աճ տալ՝ հավաքների և մրցումների մասնակցության քանակն ավելացնելու համար»:
Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ շուտով ունենալու ենք բարձրագույն վարպետության մարզադպրոց և նույն շենքում ադապտիվ սպորտի կենտրոն, ինչը մեծ հնարավորություններ կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց և կօգնի դառնալ ավելի պրոֆեսիոնալ:
«Խուլերի հավաքականը մեր լավագույն թիմերից է և ադապտիվ սպորտի կենտրոնում հնարավորություն կստանա օգտվելու նոր ստեղծվող դահլիճի ծառայություններից, կլինի նաև որոշակի ֆիզիոթերապևտիկ և հոգեբանական օգնության հնարավորություն: Հավատացնում եմ՝ դուք մշտապես գտնվում եք պետության ուշադրության կենտրոնում: Ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի հետզհետե ամեն ինչ ավելի լավ լինի և ձեզ ավելի հարմարավետ զգաք»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը մշտական աջակցության համար. «Շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար: Ի դեպ, սա երկրորդ անգամ է, որ մեր տղաները մեդալներ են նվաճում սուրդլիմպիկ խաղերում: Շատ գոհ ենք նրանց գրանցած արդյունքներից: Սա իսկապես մեծ նվաճում է: Մեր մարզիկներն ու մարզիչները երկար տարիների փորձառություն ունեն, և վստահ ենք՝ դեռ շատ հաջողություններ են գրանցելու»:
Հավելենք, որ Բրազիլիայի Կալիաս քաղաքում անցկացված սուրդլիմպիկ ամառային խաղերը պետք է կայանային 2021 թվականին, սակայն հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Կարծիքներ