Գնել Սանոսյանը բեռնափոխադրողների հետ քննարկել է ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը

Գնել Սանոսյանը բեռնափոխադրողների հետ քննարկել է ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել իրանական կողմի հետ ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը։ Նախարարը հետաքրքրվել է բեռնափոխադրող ընկերությունների ունեցած խնդիրներով, լսել առաջարկություններ։

 

Գնել Սանոսյանը կարևոր է համարել նմանատիպ հանդիպումները, որպեսզի նախարարությունը համալիր պատկերացում կազմի կոնկրետ ոլորտում եղած դժվարությունների, խոչընդոտների մասին, գույքագրի այդ խնդիրները և իրանական, վրացական գործընկերների հետ դարձնի քննարկման առարկա։

 

Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռած հնարավորության համար և հանգամանալից ներկայացրել են իրենց առջև ծառացած խնդիրները և խոչընդոտները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի ունենալ հանդիպումներ՝ բարձրաձայնված խնդիրները և դրանց լուծման եղանակները քննարկելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում