Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը Հայաստանում 2021-ին ակնկալում է 1 տոկոս տնտեսական աճ
Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը սպասում է, որ Հայաստանի տնտեսությունը համավարակի և 2020-ի պատերազմի հետևանքների հաղթահարմամբ կվերականգնվի 2021-ին, տնտեսական աճը կկազմի մոտ 1 տոկոս, ԱՄՀ-ի աշխատակազմը Հայաստանի Հանրապետություն այցելությունն ամփոփել է մամուլի հաղորդագրությամբ, որը ներառում է ԱՄՀ աշխատակազմի թիմերի հայտարարությունները;
(Հայտարարության մեջ արտահայտված են ԱՄՀ աշխատակազմի տեսակետները և պարտադիր չէ, որ ներկայացնեն ԱՄՀ Գործադիր խորհրդի տեսակետները)
«Սպասվում է, որ Հայաստանի տնտեսությունը կսկսի Covid-19-ի համավարակի և 2020 թվականի տարեվերջին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքների հաղթահարմամբ վերականգնվել 2021 թվականի ընթացքում: Քաղաքականության հրատապ գերակայություններն են՝ աջակցել տնտեսության վերականգնմանը, այդ թվում՝ արագացված տեմպերով կազմակերպելով լայնամասշտաբ պատվաստումներ, և ժամանակին կատարելով պլանավորված հանրային ներդրումները, ինչպես նաև՝ պաշտպանելով խոցելի տնային տնտեսություններին: Մոտակա ամիսներին շարունակել արդյունավետ քաղաքականությունը և խորացնել ֆիսկալ և կառուցվածքային բարեփոխումները, ինչը խիստ կարևոր կլինի վստահությունն ամրապնդելու և մնայուն և ներառական վերականգնումը հնարավոր դարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով վիրտուալ քննարկումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6-21-ի ընթացքում՝ անդրադառնալով վերջին շրջանի տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ապագայում քաղաքականության գերակայություններին: Այցի ավարտին պարոն Փորթերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ 2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված Covid-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021-ի մարտին հասնելով 5.8 տոկոսի: Նշվում է նաև բյուջեի պակասուրդը, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության և այլ ցուցանիշները:
«Վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս: Ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը: Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021 թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը»,- ասված է հայտարարությունում:
Փորթերի հայտարարությամբ նշվում է նաև՝ ակնկալվում են, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Ակնկալվում է, որ մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել:
«Քաղաքականության հրատապ գերակայություններն են խոցելի տնային տնտեսությունների (ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչների) պաշտպանությունը, պլանավորված կապիտալ ծախսերի արագացումը և արագացված տեմպերով լայնամասշտաբ պատվաստումների կազմակերպումը, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանը: Այդ կետերը պետք է առաջնահերթություն համարվեն 2021 թվականի ծախսերի առկա փաթեթի շրջանակներում: 2021 թվականի բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 5¼ տոկոսի չափով, հավուր պատշաճի հավասարակշռում է աջակցության քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը և իշխանությունների պարտքի կայունության նպատակը: Եթե չլինեն մակրոտնտեսական նոր կտրուկ ցնցումներ, ապա ընթացիկ ծախսերի հետ կապված բոլոր այլ 3 նախաձեռնությունները պետք է իրականացնել 2020 թվականին հաստատված բյուջետային փաթեթի սահմաններում՝ վերանայելով առաջնահերթությունները»,- ասված է հայտարարությունում:
Ինչ վերաբերում է ապագային, ապա հայտարարությունում նշվում է, որ իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ, շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը և այլն: Նշվում է նաև, որ հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործումն առաջնահերթություն է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ աճի համար անհրաժեշտ որակյալ ենթակառուցվածք ապահովելու նպատակով: «Թեպետ ընթացքի մեջ գտնվող առաջնահերթ ծրագրերը պետք է առաջ շարժվեն առանց ուշացումների, որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ՝ հանրային ներդրումների վերաբերյալ որոշումների պատշաճ գնահատումը ապահովելու համար: Մասնավորապես, բոլոր ծրագրերի (այդ թվում՝ ՊՄԳ-ների) գնումները, կառավարումը, իրագործումը և վերահսկողությունը պետք է լինեն արդյունավետ, թափանցիկ և արդար բոլոր ծրագրերի և մատակարարների նկատմամբ»,-ասված է հայտարարությունում:
Շետշվում է նաև, որ դրամավարկային քաղաքականությունը շարունակում է պատշաճ մնալ: «ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով, որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած, որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի»,- ասված է հայտարարւթյունում:
Նշվում է, որ պետական կառավարման հետագա կատարելագործումը և գործարար միջավայրի և ֆինանսավորման հասանելիության բարելավումը շարունակելու, ինչպես նաև տնտեսական ներառականությունն ավելացնելու նպատակներ հետապնդող կառուցվածքային բարեփոխումները պետք է արագացնել, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ապահովել ավելի արագ, ներառական և մասնավոր հատվածով պայմանավորվող աճ:
«Առաքելությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների հանձնառու վերաբերմունքն ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի նկատմամբ, որը երրորդ հերթական ստուգման դրությամբ ընթանալիս է եղել նախատեսված հունով: Ինչ վերաբերում է այդ ստուգմանը հաջորդած ժամանակաշրջանին, ապա կատարվել են քանակական կատարողականի՝ դեկտեմբերի դրությամբ նախատեսված բոլոր չափորոշիչները, իսկ կառուցվածքային հենանիշների հետ կապված գործողությունների ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ