Վատ Հիշողություններից Ազատվելու Նոր Տեխնոլոգիաները

Վատ Հիշողություններից Ազատվելու Նոր Տեխնոլոգիաները

Եթե դիտել եք ամերիկացի ռեժիսոր Բարրի Զոնենֆելդի հայտնի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը (Men in Black, 1997), ուրեմն հաստատ հիշում եք այն սարքը, որի օգնությամբ հերոսները վկաների ուղեղներից ջնջում էին անցանկալի հիշողությունները։

Իսկ երբևէ մտածե՞լ, որ նմանատիպ սարքերը կարող են մի օր իրականություն դառնալ։

Science Advance ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, Պեկինի համալսարանի գիտնականներն այս ոլորտում գրանցել են որոշակի հաջողություններ։ Ճիշտ է խոսքը դեռևս «կախարդական փայտիկի» մասին չէ, որը մեկ հպումով կարող է ջնջել այն հիշողությունները, որոնք ցանկանում եք, չինացի մասնագետների զարգացման հիմքում գեների խմբագրման CRISPR տեխնոլոգիան է, որի նպատակը տհաճ հիշողություններից ազատվելն է։

Լաբորատոր մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ տեխնոլոգիան իրոք կարող է ջնջել տհաճ հիշողությունները։ Գիտնականներին հաջողվել է վիրահատության միջոցով խմբագրել առնետների ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է վախի ընկալման համար:

Ըստ բժիշկների, վերջնական ցանկալի արդյունքի հասնելու դեպքում, սա հսկայական հնարավորություններ կբացի բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև մեծապես կազդի բժշկության այն ճյուղերի զարգացման վրա, որոնք գործ ունեն մարդկային արատների և հոգեկան խնդիրների հետ։ Օրինակ, այս կերպ հնարավոր կլինի բուժել թմրամոլին, ով կմոռանա իր արատավոր ցանկությունների մասին, կամ փոխել հոգեբանական ծանր սթրես ստացած մարդու հիշողությունները։

Տեխնոլոգիան օգտակար կլինի նաև քրոնիկ գլխացավերի բուժման և ուղեղի այն հատվածների «խմբագրման» համար, որոնք վնասվել են մուտացիաների կամ հոգեբանական խնդիրների հետևանքով, օրինակ՝ կուրություն, խոսքի կորուստ և այլն:

Ինչպես նշում են հեղինակները, գենի խմբագրման տեխնոլոգիայի զարգացումն անշուշտ կառաջացնի էթիկայի հետ կապված լուրջ խնդիրներ: Ի վերջո, այս գյուտը հեշտությամբ կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով։

Տհաճ հիշողություններից ազատվելու միջոց են գտել նաև իտալացի գիտնականները: Այս տեխնոլոգիայի հիմքում ներգանգային մագնիսական խթանումն է (TMS): Ի տարբերություն չինացի իրենց գործընկերների առաջարկած տեխնոլոգիայի, այս մեթոդը ոչ ինվազիվ է և չի ենթադրում վիրահատական միջամտություն։

Հետազոտությանը մասնակցել էր 84 կամավոր։ Գիտնականները կամավորների ուղեղի՝ վախի ընկալման համար պատասխանատու հատվածի վրա ազդել էին հատուկ սարքի միջոցով։ Ստացված ազդակները վերափոխվում էին իմպուլսների, որոնք և հանդիսանում էին նեյրոնային կապերի փոփոխման պատճառ։ Կամավորները նշում են, որ իրենց մարմնում որևէ բացասական փոփոխություն չեն զգացել, իսկ ընդհանուր հոգեկան վիճակը բարելավվել էր TMS-ի մի քանի փորձերից հետո։

Գիտնակնները նշում են, որ այս տեխնոլոգիան կարող է օգնել մարդկանց հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ TMS տեխնոլոգիան փոփոխում է հիշողություններն այնպես, որ դրանք այլևս ցավ չպատճառեն։ Բացի այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները թեթևացնելու, ծխելու ցանկությունը նվազեցնելու կամ մարդու մտավոր կարողությունները զարգացնելու համար:  Առայժմ տեխնոլոգիայի զանգվածային տարածումը սահմանափակվում է սարքի մեծ չափսերի պատճառով։ Բայց, ինչպես և չինացի գիտնականների տեխնոլոգիան, TMS-ի կիարառումն առաջ է բերում մի շարք էթիկական խնդիրներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում