Արցախում փոփոխություններ են սահմանվել միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերում
Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունված նոր օրենքով առավել խիստ պահանջներ են սահմանվել միջազգային պայմանագրերի նախագծերի իրավապայմանագրային և կատարման փուլերի ընթացակարգերի համար: Այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:
«Օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ յուրաքանչյուր միջազգային պայմանագիր, որը պետք է կնքի Արցախի Հանրապետությունը, կարգավորվի օրենսդրությամբ: Սա կարևոր է հատկապես ներկայումս, երբ ամեն ինչ պետք է արվի Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը պահպանելու համար: Ես կողմնակից եմ, որպեսզի արտաքին քաղաքականության հարցերում սերտորեն համագործակցենք օրենսդիր իշխանության հետ»,-պարզաբանեց Բաբայանը:
Արտգործնախարարի խոսքով, միջազգային պայմանագրերի վերաբերյալ նոր օրենքի ընդունման հիմքում՝ միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունն է, ինչը պայմանավորված է Արցախի Սահմանադրության բարեփոխման արդյունքով:
«Օրինագծով նախատեսված է սկզբունքային փոփոխություններ՝ նախ միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման ընդունվելու է միայն գերատեսչությունների կողմից վերջնական լրամշակված, և պայմանագրի մյուս կողմի հետ փոխհամաձայնեցված տեքստի առկայության դեպքում: Պայմանագրի կնքման հարցում բարձրանալու է իրավասու գերատեսչության դերն ու պատասխանատվությունը: Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումն իրականացվելու է համապատասխան օրենք ընդունելու միջոցով: Դրանով պայմանավորված՝ միջազգային պայմանագրի նախագծի իրավապայմանագրային և կատարման փուլերի ընթացակարգերի համար սահմանվելու են առավել խիստ պահանջներ: Ըստ առաջարկվող օրինագծի միջազգային պայմանագրերը չեն դասակարգվում՝ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական, ելնելով այն հանգամանքից, որ միջազգային իրավունքում որպես միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս Արցախի Հանրապետությունը: Դյուրացված կարգ է սահմանվում վարկային ու դրամաշնորհային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար»,-մանրամասնել է Դավիթ Բաբայանը:
Արցախի Հանրապետության «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունել է միաձայն քվեարկությամբ:
Կարծիքներ