Հայաստանը Չեխիայի համար շատ կարևոր գործընկեր է. Յակուբ Կուլհանեկ

Հայաստանը Չեխիայի համար շատ կարևոր գործընկեր է. Յակուբ Կուլհանեկ

Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Չեխիայի Հանրապետության համար, երկու երկրների հարաբերությունները սերտ ու բարեկամական են:

Այս մասին ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«Ես շատ ուրախ եմ՝ հնարավորություն ունենալու համար վերսկսելու բարձր մակարդակի երկխոսությունները երկու երկրի միջև: Հուսամ, որ մեր հարաբերությունների մեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ դադարն ավարտված է: Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Չեխիայի Հանրապետության համար: Երկկողմ հարաբերությունները սերտ ու բարեկամական են: Չեխիան գնահատում է այն առաջընթացը, որն իրականացվել է ՀՀ-ում 2018-ից ի վեր՝ կապված ժողովրդավարության և հակակոռուպցիոն ջանքերի հետ»,-ասել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը:

Նա հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարել է ժողովրդավարական՝ նշելով, որ դա հնարավորություն է ընձեռում շարունակել երկկողմ հարաբերությունները Եվրոպայի հետ: Ըստ նրա՝ կա շատ չիրացված ներուժ, որ խթանվեն Հայաստանի և Չեխիայի տնտեսական հարաբերությունները:

Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը առաջիկայում կանցկացվի Երևանում: Ըստ Յակուբ Կուլհանեկի՝ այդ հանդիպումը ևս մեկ խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական համագործակցության համար: «Մենք գնահատում ենք ՀՀ-ի հանձնառությունը եվրոպական գործընկերությանը և ուզում ենք վերահաստատել, որ Հայաստանը չի անտեսվի: Ասոցացված երկրների հետ համագործակցության ամրապնդումը որևէ ձևով չպետք է հանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության թուլացմանը»,- ասել է նախարարը:

ՀՀ ԱԳ նախար Արարատ Միրզոյանն էլ շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա:

Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին: Միրզոյանը վստահեցրել է՝ Հայաստանի և Չեխիայի միջև կա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունավետ ձևաչափ: «Նախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեք օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը: Համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- նշել է Միրզոյանը:

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության, գործընկերության օրակարգի, Արևելյան գործընկերության շրջանակում ներառական փոխգործակցության և համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցերի շուրջ: «Արևելյան գործընկերությունը կարևոր հարթակ է ընդհանուր արժեքներ կիսող երկրների համար, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու այդ ձևաչափի զարգացման և ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև զանազան միջազգային հարթակներում իրենց երկրների համագործակցությանը, կարևորել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում