Արմեն Սարգսյանի՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան այցի ընթացքում հայտարարվել է հայագիտություն դասընթացի մեկնարկի մասին

Արմեն Սարգսյանի՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան այցի ընթացքում հայտարարվել է հայագիտություն դասընթացի մեկնարկի մասին

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հռոմի Լա Սապիենցա համալսարան:

Իտալիայում առաջատարներից համարվող և 700 տարվա պատմություն ունեցող Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է: Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն լավագույն կրթական հաստատությունների շարքում է հատկապես հնագիտության, դասական և հնագույն պատմության, արվեստի և հումանիտար գիտությունների, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և աէրոտիեզերական ինժեներիայի մասնագիտացումներով:

Հայաստանի նախագահի այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լա Սապիենցա համալսարանի միջև, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել է համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։



«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների իր գոյության ընթացքում մեծ գիտելիք է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքը կիսել ուրիշների հետ։

Կյանքում մենք կիսում ենք գիտելիքը, հույզերը, սերը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել, -ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ, ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես որպես հայ մարդ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում, լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն հայոց լեզու, հետո շրջանակը կարող է ավելի ընդլայնվել: Սա կդառնա շատ կարևոր կապ, որը կկամրջի ոչ միայն ներկայիս Հռոմն ու Երևանը, այլև կլինի կամուրջ պատմության մեջ, երբ հազարավոր տարիներ առաջ մեր երկու ժողովուրդներն արդեն փոխառնչություններ ունեին։ Հուսով եմ, որ այս փոքր մեկնարկը մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա։ Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի այս մեկնարկին»:

Նախագահ Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է հայագիտության դասընթացի ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:


Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Հայագիտությունն Իտալիայում խոր արմատներ ունի, Իտալիայի 6 համալսարաններում տարիներ շարունակ գործել են, որոշներում այսօր էլ գործում են հայագիտական ամբիոններ: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով: Վերջին մեկ տարում հատկապես Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեծ աշխատանք է կատարել հայագիտության
ամբիոնի վերաբացման ուղղությամբ, և կողմերի ջանքերի շնորհիվ, համալսարանի՝ բարձր վարկանիշ ունեցող Classics and Ancient History դեպարտամենտում կսկսվի հայագիտության դասավանդումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում