Սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ. Սանոսյան
Կառավարությունն ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումը:
«Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին ընդունվել են 2 որոշումներ և կարգեր, որոնք էլ այս գործընթացի սկիզբն են դրել: Այս գործընթացի մաս է կազմում էլեկտրոնային շտեմարանի առկայությունը, հայտարարվել է մրցույթ, շահող ընկերությունը 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող է ճանաչվել: Որոշման նախագծով առաջարկում ենք, որ այս ամբողջ գործընթացի այդ փուլն էլ ավարտենք, օգոստոսի 1-ից սկսի համակարգը գործել»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Սանոսյանը նշեց, որ ոլորտում անվտանգային լուրջ խնդիրներ կան, երբեմն տեղի են ունենում գազաբալոնային համակարգի խափանումներ, պայթյուններ:
«Դրվել է հետևյալ համակարգը՝ Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ: Կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվում է 3 տարին մեկ անգամ ստուգել: Կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո նաև՝ ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այս ստուգման արդյունքները մուտք են արվում:
Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների տրվելու է թույլտվություն այդ համակարգից օգտվելու, մասնավորապես, գազալցակայաններին, տեսչական մարմիններին:
Երբ մեքենան գնաց կայան, ստուգվեց, տվյալները ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային տարբերակով լրացվում են, հետո գազալցակայանի աշխատակիցը, մեքենայի համարը հավաքելով համակարգի մեջ, տեսնում է՝ մեքենան անցե՞լ է ստուգում, թե՞ ոչ: Եթե չի անցել, չի լիցքավորում»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանը տեղեկացրեց, որ այս պահին 12 կազմակերպություն կա, որոնք լիցենզավորվել են ու կարող են նման ծառայություն մատուցել:
«Ցավոք սրտի, բոլոր մարզերը չեն, որ ներգրավված են: Առիթից օգտվելով՝ մեր գործարարներին պետք է հորդորեմ, որ իրենք նույնպես հետաքրքրություն ցուցաբերեն այս ոլորտի նկատմամբ և կարողանան նման ծառայություն մատուցել: Մյուս կողմից՝ մեր քաղաքացիներին հորդորում եմ չսպասել մինչև օգոստոսի 1-ը: Այս ընթացքում արդեն կարող են այդ փուլն անցնել: Գործընթացը բավականին արագ է տևում»,- նշեց նախարարը:
Կարծիքներ