ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարծում են՝ Ռուսաստանը նաև կիբերպատերազմ կհայտարարի Ուկրաինային

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարծում են՝ Ռուսաստանը նաև կիբերպատերազմ կհայտարարի Ուկրաինային

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարծում են, որ Ռուսաստանը կարող է կիբերպատերազմ սկսել Ուկրաինայի հետ, «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ գրում է New York Times-ը։

Հրապարակման լրագրողները, անանունության պայմանով, զրուցել են տասնյակ պաշտոնյաների հետ, ովքեր զբաղվում են այն հարցով, թե ինչպես կարող է Ուկրաինան դիմակայել Ռուսաստանին՝ կիբերհարձակման դեպքում։

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանց կարծիքով, կարող է որոշել, որ «Ուկրաինայի հետ կիբերպատերազմը կօգնի հասնել իր հիմնական նպատակին՝ տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը և փոխարինել այն ռուսամետով»:

Արևմուտքում մտավախություն ունեն, որ կիբերհարձակումը կարող է ուղղված լինել ուկրաինական ենթակառուցվածքի, մասնավորապես՝ երկրի էներգետիկ համակարգի վրա։

«Ուկրաինայի էլեկտրացանցը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ, իսկ փլուզումից հետո արդիականացվել է ռուս մասնագետների և ռուսական տեխնիկայի միջոցով: Պուտինի հաքերները գիտեն, թե ինչպես կարելի է երկրի որոշ հատվածներ թողնել առանց էլեկտրամատակարարման»,- գրում է NYT-ը:

Թերթի լրագրողները պնդում են, որ Ռուսաստանն արդեն իբր հարձակվել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա 2015 թվականի դեկտեմբերին, երբ «ռուս հաքերները հեռակա կարգով գրավել են Ուկրաինայի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության կառավարման կենտրոնը և անջատել էլեկտրակայանները, մինչդեռ էներգետիկ ընկերությունների օպերատորները նայում էին անօգնական իրենց էկրաններին»:

Նշենք, Ռուսաստանը միշտ հերքել է նման ենթադրությունները։

ԱՄՆ-ում New York Times-ի զրուցակիցները հրաժարվել են ասել, թե կիբերանվտանգության որ մասնագետներն են և քանիսն են այժմ աշխատում Ուկրաինայում, մինչդեռ նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները դիտարկում է կիբերհարձակումներից պաշտպանության ավելի լայն տարածում՝ ներառյալ ԱՄՆ կիբեր հրամանատարության ռեսուրսների օգտագործումը:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց մասնագետները վերահսկում են, թե ինչ է կատարվում աշխատանքային ռեժիմով և պատրաստ են օգնել Ուկրաինային կիբերհարձակումների դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում