Ամերիկացի գիտնականը՝ կորոնավիրուսի ուհանյան ծագման ապացույցների մասին
Չինաստանի Ուհան քաղաքում ծովամթերքի շուկան COVID-19-ի ամենահավանական ծագման վայրն է: Այն նպաստում է կենդանիներից կորոնավիրուսի ծագման տեսությանը, ասում է ամերիկացի գիտնական Մայքլ Ուորոբեյը Science գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Համաձայն ուսումնասիրության՝ գիտնականը կազմել է SARS-Cov-2-ի բոլոր հայտնի դեպքերի ժամանակագրությունը մինչև համաճարակի հայտնի դառնալը, և պարզել, որ դրանցից շատերը գրանցվել են շուկայի մոտակայքում ապրող կամ աշխատող մարդկանց շրջանում: Սա ամրապնդում է այն տեսությունը, որ վիրուսը ստացվել է շուկայում կենդանիներից, ասել է նա։
«Դեկտեմբերին COVID-19-ով վարակված ավելի քան 100 մարդկանցից շատերը՝ առանց շուկայի հետ բացահայտված համաճարակաբանական կապի, ապրում էին անմիջական հարևանությամբ, և սա կարող է ապացույց լինել առ այն, որ վիրուսի փոխանցումը սկսվել է շուկայում»,-նշված է հրապարակման մեջ։
Ուորոբեյն ուսումնասիրել է հիվանդանոցի գրառումները և հասկացել, որ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին 41-ամյա հաշվապահի մոտ կորոնավիրուսի դեպքը, որը նախկինում օգտագործվում էր որպես ապացույց առ այն, որ համաճարակը շուկայում չի սկսվել, սխալ էր: Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, նա COVID-19-ով հիվանդացել է ոչ թե դեկտեմբերի 8-ին, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր, այլ դեկտեմբերի 16-ին։ Գիտնականին հաջողվել է բժշկական գրառումներ գտնել, ըստ որոնց՝ դեկտեմբերի սկզբին տղամարդու առողջական խնդիրները կապված են եղել նրա ատամների հետ։
Փաստորեն, COVID-19-ի ամենավաղ փաստաթղթավորված դեպքը թվագրվում է 2019 թվականի դեկտեմբերի 11-ին: Հետո հիվանդացել է ծովամթերք վաճառողը, ով աշխատում էր շուկայում։
«Ցավոք, Հուանան շուկայից կամ Ուհանի կենդանիների որևէ այլ շուկայից ոչ մի կենդանի չի ուսումնասիրվել՝ կապված SARS-CoV-2-ի հետ, և Հուանան շուկան փակվել ու ախտահանվել է 2020 թվականի հունվարի 1-ին», – ասել է Ուորոբեյը։
«Սակայն այն փաստը, որ վաղ սիմպտոմատիկ դեպքերի մեծ մասը (COVID-19) կապված են եղել Հուանան շուկայի հետ… ամուր ապացույց է, որ համաճարակը սկսվել է կենդանիների շուկայում»,- ավելացրել է գիտնականը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հրապարակել էր նոր զեկույց կորոնավիրուսի ծագման մասին։ ԱՄՆ հետախուզական հանրությունը նախապատվություն չի տալիս կորոնավիրուսի ծագման երկու առաջատար տեսություններից ոչ մեկին՝ բնական կամ լաբորատոր՝ համարելով, որ դրանցից որևէ մեկը կարող է ճիշտ լինել։ Բացի այդ, ինչպես վկայում է փաստաթուղթը, ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ COVID-19-ը գենետիկորեն ձևափոխված չէ։ Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է, որ զեկույցը քաղաքականացված է, զուրկ է գիտական բնույթից և հավաստիությունից, Վաշինգտոնը տարված է քաղաքական մանիպուլյացիաներով, ինչը կարող է միայն վնասել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին։
Կարծիքներ