Համագործակցության հուշագիր` միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը
Հոկտեմբերի 9-ին Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Սարգսյանը:
Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տնօրեն Անուշ Սարգսյանը և այլոք:
Կողմերը մեծապես կարևորել են հուշագրի ստորագրումը, որի շրջանակում կիրականացվեն համատեղ մշակութային նախագծեր, որոնք կնպաստեն հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Համագործակցության շրջանակում երեխաներին հնարավորություն կընձեռվի հանդես գալ նվագախմբի հետ՝ ներկայացնել իրենց տաղանդը: Փաստաթղթի ստորագրումը միտված է նաև ոգևորելու երեխաներին երաժշտական կրթություն ստանալու ճանապարհին:
Կարծիքներ