Բժիշկների զինանոցում կարող է հայտնվել շագանակագեղձի քաղցկեղի պարզ եւ արագ թեստ
Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մասնագետները մշակել են ինքնատիպ թեստ-համակարգ, որն ախտորոշում է շագանակագեղձի քաղցկեղը՝ օգտագործելով ածխածնային նանոմասնիկները:
Աշխատանքի սկզբունքով թեստը նման է հղիության ստուգման թեստին. ածխածնային մասնիկների մակերեւույթին գտնվում են ճանաչող տարրերը, որոնք կարող են թիրախի հետ կապ ստեղծել պրոստատ-սպեցիֆիկ հակածինով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եթե դրա խտությունը բարձր է, պացիենտի մոտ շագանակագեղձի քաղցկեղի առկայության հավանականություն կա կամ ոչ հեռու ապագայում դրա զարգացման մեծ հավանականություն:
«Շերտ-թեստը տեղադրվում է հետազոտվող նմուշի մեջ, օրինակ՝ արյան պլազմայի: Դրական արդյունքի դեպքում հայտնվում են երկու գունավորված կետեր կամ շերտեր, իսկ բացասականի դեպքում՝ մեկ»,- նշված է մասնագետների հաշվետվության մեջ:
Նրանց խոսքով՝ տեսականորեն հնարավոր է համանման թեստերի ստեղծումը նաեւ այլ հիվանդությունների հայտնաբերման համար:
«Մշակման առանձնահատկությունը պետք է լիներ այդպիսի ճանաչող տարրերի օգտագործումը որպես ԴՆԹ ապտամերներ, որոնք իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների կարճ հաջորդականություններ: Սրանք ավանդական ճանաչող տարրերի 0 մոնոկլոնալ հակամարմինների ավելի էժան եւ պարզ նմանօրինակներն են: Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ թեստ-համակարգերում ԴՆԹ-ապտամերների կիրառումը ունի մի շարք սահմանափակումներ եւ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն կա: Ուստի որոշում է ընդունվել, այնուամենայնիվ, օգտագործել մոնոկլոնալ հակամարմինները»,- նշել է նախագծի հեղինակ, ՌԳԱ Ուրալի մասնաճյուղի Միկրոօրգանիզմների էկոլոգիայի եւ գենետիկային ինստիտուտի Պերմի դաշնային հետազոտական կենտրոնի ասպիրանտ Մարիա Կրոպանեւան:
Կարծիքներ