«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի մի մասը կկառավարվի վարչապետի աշխատակազմի կողմից
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ կառավարության կայքէջում:
ՀՀ կառավարությունն էլ որոշել է, որ կընդունի նվիրատվությունը.
«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:
Կարծիքներ