Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կատարում է դեպի Ռուսաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է, որ Մոդիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Հնդկաստանի վարչապետ Մոդիի պաշտոնական այցը կտևի 2 օր՝ հուլիսի 8-9-ը․ սա նրա առաջին ուղևորությունն է Ռուսաստանի Դաշնություն հինգ տարվա ընթացքում:
Ինչպես նշել են Կրեմլում, երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-հնդկական «ավանդական բարեկամական» հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր:
Կրեմլում նշել են, որ այցի օրակարգը կլինի «հարուստ, եթե ոչ՝ գերծանրաբեռնված»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հունիսի 8-ին Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին կհանդիպեն և ոչ պաշտոնական շփում կունենան։ Իսկ հուլիսի 9-ին կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված ձևաչափերով:
Թռիչքից առաջ Մոդին լրագրողներին հայտնել էր, որ սպասում է ՌԴ ղեկավարի հետ հանդիպման հնարավորությանը։
Կարծիքներ