Փաշինյանն ու Բունդեսթագի պատգամավորները կարևորել են Լաչինի միջանցքի հարցում միջազգային հանրության հասցեական արձագանքը

Փաշինյանն ու Բունդեսթագի պատգամավորները կարևորել են Լաչինի միջանցքի հարցում միջազգային հանրության հասցեական արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, և իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն և նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:

«Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսևորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով և քննարկել երկկողմ օրակարգի հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին և կարևորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության ապահովումը Կառավարության առօրյա աշխատանքի օրակարգում գտնվող առաջնահերթություններ են, և մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղիով: Թաբեա Ռյոսներն էլ հավելել է, որ Գերմանիան կուղեկցի Հայաստանին այդ ճանապարհին: Արծարծվել են կանանց ներգրավվածության խթանմանը, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր ևս:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է միջազգային հանրության հետևողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս.թ. փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում