Սպիտակ-Գյումրի ավտոճապարհին ՃՏՊ-ից տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 17։06-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Վ․, ծնված 1955 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1998 թ․)․ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել և բախվել ճամփեզրով անցնող գազատար խողովակին։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ