Շիրակի մարզպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Անիի համայնքապետարանում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անիի համայնքապետարանում մարտի 3-ին արտագնա խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, կարևորելով մարզպետարանի և համայնքապետարանների համատեղ աշխատանքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ հաճախակի են լինելու և նպատակ ունեն համագործակցությունն առավել առարկայական դարձնել․ «Արտագնա խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրելու` տեղում խնդիրներին ծանոթանալու, շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու, դրանց լուծման տարբերակներն ու ճանապարհները համատեղ քննարկելու նպատակով։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր բնակավայրի խնդրի թե գույքագրումը, թե դրա լուծման համար ծրագրերի նախանշումն ու իրականացումը»։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված գույքագրման գործընթացին և դրա արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Ըստ այդմ, 2022-ին մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր, դրանցից 2-ը ավարտված է, 4-ի աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2023 թվականի համար ներկայացվել է Իսահակյան և Շիրակավան բնակավայրերի մանկապարտեզների շենքերի նորոգման սուբվենցիոն ծրագիրը։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ համայնքի բնակավայրերում իրականացված խնդիրների գույքագրման աշխատանքների նախնական ամփոփման արդյունքում Անիի բնակավայրերում բարձրացվել են արոտների ջրարբիացմանը, ոռոգման ջրի ներքին ցանցի վերականգնմանը, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ գյուղատնտեսության բնագավառում իրականացված աշխատանքների մասով Շիրակի մարզպետին զեկուցվել է, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022-ի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Անի համայնքը 4343 հա ցանք է կատարել, շահառուների թիվը 1091 է եղել։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի գումարների փոխհատուցման գործընթացը։ Իսկ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի շրջանակներում Անիի հողօգտագործողներին տրամադրվել է 308 տոննա ազոտական պարարտանյութ, որի սուբսիդավորման գումարը կազմել է 55մլն 458 հազար դրամ։
Խորհրդակցության ընթքացքում անդրադարձ է կատարվել Անիի բնակավայրերում բուժամանկաբարձական կետերի նորոգման, սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին։ Մուշեղ Մուրադյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լինել հետևողական այս հարցում, քանի որ եկամուտների հավաքագրումից է կախված համայնքի զարգացումը, հավաքագրված գումարները ծախսվելու են համայնքային խնդիրները լուծելու նպատակով։
Կարծիքներ