Վրաստանում ևս նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից

Վրաստանում ևս նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից

2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի համար Վրաստանի ԿԳ նախարարությունը Առողջապահության նախարարության հետ միասին մշակել է հատուկ հանձնարարականներ: Առկա հանձնարարականների հիման վրա 2084 հանրային դպրոցում նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Առողջապահության նախարարության կանոնակարգերն են.

Աշակերտների միջև 1 մետր հեռավորություն,

Շենք մուտք գործող բոլոր անձանց համար դիմակի պարտադիր կրում, բացի աշակերտներից,

Ցանկացած անձի շենք մուտք գործելուց առաջ ջերմաչափում և ձեռքերի ախտահանում,

Դիմակների պահուստային առկայություն դպրոցներում,

Զուգարանների սանիտարական մշակում ամեն դասամիջոցից հետո,

Կես ժամանոց ընդմիջում հերթափոխների միջև, դասասենյակների և դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մշակում և օդափոխում,

Ջերմող և շնչառական ախտանիշներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում,

Դասասենյակների օդափոխում դասամիջոցների ընթացքում,

Դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ միջանցք, ուսուցչանոց, աստիճան, տեղաշարժվող բոլոր անձինք՝ բացի աշակերտներից, պետք է դիմակ կրեն:

Վերոնշյալ կարգավորումները հաշվի առնելով՝ ԿԳ նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս ծրագրել ուսումնական գործընթացը: Դպրոցները ուսումնական գործընթացի ծրագրման ժամանակ հնարավորություն կունենան.

Որոշել դասընթացների տևողությունը (նվազագույնը 30 րոպեանոց դասընթացներ)

Որոշել դասընթացների մեկնարկի ժամանակը ըստ դասարանների (ժամը՝ 08:30-ին; 08:45-ին; 09:00-ին),

Որոշել և կազմակերպել հերթափոխը,

Անհրաժեշտության դեպքում մեկ հերթափոխով աշխատող դպրոցները անցնեն մի քանի հերթափոխի,

Դպրոցներում, աշակերտների անվտանգության նկատառումներից ելնելով, ներմուծել խառը ուսուցման մեթոդ (ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ հեռավար),

Դպրոցները չծանրաբեռնելու նպատակով կարելի է նաև օգտագործել շաբաթ օրը։

ԿԳ նախարարության որոշմամբ՝ I-IV դասարանների աշակերտների համար ուսումնական գործընթացը դասասենյակներում անցկացնելը պարտադիր է:

Անհրաժեշտության դեպքում խառը մոդելի կիրառման դեպքում V-VI դասարաններում հեռավար ուսուցում հնարավոր կլինի շաբաթական առավելագույնը 1 անգամ, VII – XI դասարանների համար՝ առավելագույնը շաբաթական 2 անգամ, իսկ XII դասարանի համար առավելագույնը 3 անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում