COVID-19. գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնցից կախված է հիվանդության ծանրության աստիճանը
Կորոնավիրուսային համավարակի հիմնական առեղծվածներից մեկն այն է, որ որոշ մարդկանց մոտ հիվանդությունը գրեթե առանց ախտանշանների է ընթանում, իսկ ոմանք առանց ինտենսիվ թերապիայի այն չեն կարողանում հաղթահարել՝ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Nature ամսագրում հրապարակված՝ վերակենդանացման բաժանմունքներում ավելի քան 2 հազար հիվանդի շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ առկա են գեներ, որոնց պատճառով հիվանդությունը կարող է ավելի բարդանալ:
Սա իր հերթին կարող է պարզ դարձնել՝ ինչու է իմունային համակարգը «խափանվում», և ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել բուժման ընթացքը:
«Պատվաստանյութերը պետք է կտրուկ նվազեցնեն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերը, սակայն, ամենայն հավանականությամբ, բժիշկները դեռ երկար տարիներ ստիպված կլինեն բուժել վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդներին․ անհրաժեշտ են բուժման նոր մեթոդներ»,- նշում է պրոֆեսոր Քենեթ Բեյլին:
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են բրիտանական հիվանդանոցների մոտ 200 վերակենդանացման բաժանմունքում գտնվող այն հիվանդների ԴՆԹ-ն, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Այնուհետև այդ մարդկանց գենոմները համեմատել են առողջ մարդկանց գենոմների հետ՝ հնարավոր տարբերությունները բացահայտելու համար, և գտել մի քանիսը․ առաջինը եղել է TYK2 գենը:
«Այս գենն ավելի է «կատաղացնում» իմունային բջիջները»,- բացատրել է Բեյլին:
Եթե այս գենի հետ կապված խնդիրներ են առաջանում, իմունային համակարգը կարող է «գերտաքանալ» և դառնալ թոքերի համար վտանգավոր բորբոքումների պատճառ։
Կարծիքներ