ՀՀ ՄԻՊ Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱՍՀ նախարար Մկրտչյանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 24-ին աշխատանքային հանդիպում են ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպան Գրիգորյանը, ողջունելով նախարարին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար:
«Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի են հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: Միաժամանակ՝ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում Նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է Պաշտպանի հետ և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։
«Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Նախարարին և տեղակալին ներկայացրել են վերհանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես՝ քննարկվել են.
Շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վերհանված խնդիրները: «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վերհանված խնդիրները:
Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր:
Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել:
Կարծիքներ