«Հովիկ Աբրահամյանի՝ գործարանի սեփականատեր հանդիսանալու ժամանակ կեղծիք է արվել». փաստաբանը հաղորդում է ներկայացրել
Մայր եւ դուստր Գոհար Սարգսյանն ու Մանե Մուրադյանը պնդում են, որ սեփականությամբ իրենց պատկանող գույքը ընտանիքի հոր՝ Գեւորգ Մուրադյանի մահից հետո հափշտակվել է: Խոսքը Արտաշատի գինու-կոնյակի գործարանի բաժնետոմսերի մասին է. նշենք, որ մամուլը բազմիցս գրել է, որ գործարանը երկար տարիներ պատկանել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:
Փաստաբան Մասիս Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի հայրը՝ Գեւորգ Մուրադյանը, դեռեւս 1995 թ. 660 հազար դրամով ձեռք է բերել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի անվանական 66 արժեթղթեր: 2004 թ. Մուրադյանը մահացել է, եւ նրա ընտանիքը, սեփականության վերաբերյալ փաստաթղթեր ձեռքի տակ չունենալով, չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել ժառանգության ստացման համար: Ըստ փաստաբանի՝ միայն տարիներ անց՝ 2012 թ. է ընտանիքը տնից գտել արժեթղթերի սեփականության բնօրինակ փաստաթղթերը եւ փորձել վերականգնել իրենց իրավունքները. «Բաժնետիրական ընկերությունների մասին այն ժամանակ գործող օրենքով՝ բաժնետերերի, սեփականատերերի ռեեստրները վարելու պարտականությունը կրում էր գործարանը, որը, սակայն, պնդում է, թե Գեւորգ Մուրադյան անունով բաժնետեր իրենց գրանցամատյանում առկա չէ, 2009 թվականին, երբ գործարանը պայմանագիր է կնքել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հետ, եւ տեղեկատվությունը փոխանցել նրանց, դարձյալ Գեւորգ Մուրադյանի մասին տեղեկություն չի եղել»: Փաստաբանի կարծիքով՝ կեղծիքի միջոցով նրա անունը դուրս է թողնվել:
Դեռ 2013 թ. Մուրադյանի դստեր՝ Մանե Մուրադյանի կողմից քաղաքացիական հայց է ներկայացվել Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփականության վերականգնման պահանջով, որը, սակայն, մերժվել է: Դատարանը հիմք է ընդունել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ից ստացված գրությունները, ըստ որոնց՝ Գեւորգ Մուրադյանը չի հանդիսացել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերի սեփականատեր, իսկ գործարանի՝ գրանցված սեփականատերերի 2013 թ. ցուցակի համաձայն՝ ընկերության արժեթղթերի տեսակը բաղկացած է եղել 15.648 հատ հասարակ անվանական բաժնետոմսերից, որոնց 100 տոկոսանոց սեփականատերն է հանդիսացել Միխայիլ Սամոդելկինը. «Նման պայմաններում դատարանը չի բացառում նաեւ, որ մինչեւ 2004 թվականը հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի կողմից օտարված լինեն իր անվանական բաժնետոմսերը, կամ դրանց փոխարեն վերջինս փոխհատուցում ստացած լինի»,- վճռել է դատարանը: Մելքոնյանի խոսքով, սակայն, եթե սեփականության փաստաթղթի բնօրինակը իրենց մոտ է, ապա արժեթղթերը օտարված լինել չեն կարող:
Դատարանի վճիռը հայցվոր կողմը բողոքարկել է Վերաքննիչ, հետագայում նաեւ՝ Վճռաբեկ դատարան: Վերջինս 2014 թ. այն բավարարել է մասնակի՝ հետ ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դատարանը գտել է, որ երկու ատյաններն էլ խախտում են թույլ տվել ապացուցման բեռը բաշխելիս եւ անտեսել են այն հանգամանքը, որ բաժնետերերի վարման եւ պահպանման պարտականությունը կրել է տվյալ ընկերությունը. «Հետեւաբար, ինչպես Գեւորգ Մուրադյանը, այնպես էլ նրա իրավահաջորդը, օբյեկտիվորեն չէին կարող տիրապետել այդ տեղեկատվական համակարգի մեջ մտնող որեւէ տվյալի եւ այն ներկայացնել դատարան»,- ասված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ: Սակայն նոր քննության արդյունքում 2015 թվականին հայցը դարձյալ մերժվել է՝ հիմնավորմամբ, որ գործում առկա չէ որեւէ ապացույց, որը կհաստատեր, որ վերը նշված անվանական բաժնետոմսերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծագել է հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի սեփականության իրավունքը: Մեր հարցին՝ արդյո՞ք ընտանիքի կողմից հայտնաբերված սեփականության փաստաթղթերը դատարանին չեն ներկայացվել, փաստաբան Մասիս Մելքոնյանը պատասխանեց, որ ներկայացվել են, սակայն դրանց վերաբերյալ հետեւություններ չեն արվել. «Դատարանը գտել է, որ արժեթղթերի առկայությունը հիմնավորվում է միայն այն դեպքում, երբ դրանք պատշաճ կարգով գրանցվում են համապատասխան մատյաններում»:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
Կարծիքներ