Որտե՞ղ է երեխուս շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում, ո՛վ ես դու, Սուրեն, որ Գեորգին լինես, թողեք հանգիստ մեզ. զոհվածի հայր
«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից շատերին վրդովվեցնում է այն փաստը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա համակիրները հաճախ քաղաքական նպատակներով շահարկում են պատերազմում նահատակվածների անունները՝ այդ կերպ փորձելով հանրության լայն զանգվածների շրջանում հակաիշխանական կրքեր բորբոքել:
Մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Մանուչարյանի հայրը՝ Արտեմ Մանուչարյանը, մեզ հետ զրույցում դժգոհել է, որ Գալստանյանը և նրա համակիրները Տավուշից Երևան հասնելու օրը կրել են նահատակների պատկերներով շապիկներ, որոնց մեջ է եղել նաև իր տղայի՝ Գեորգիի լուսանկարով շապիկը:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության հեղինակը ինքը Գալստանյանն էր: Նա էր այդ օրը իր համախոհներին հրահանգել հագնել զոհվածների լուսանկարներով շապիկներ և քայլել առաջին շարքով: Հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած վարչապետի թեկնածուն հավանաբար ցանկացել էր այս կերպ ազդեցիկ տեսարան ստանալ և օգտագործելով մարդկանց հույզերը՝ զանգված գեներացնել:
Զոհված Գեորգի Մանուչարյանի հոր խոսքով՝ կնոջ հետ պատահաբար հեռուստացույցով են տեսել, որ իրենց տղայի լուսանկարով շապիկը կրում է շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը՝ «Ես Գեորգին եմ» գրությամբ։
«Կինս վատացել էր, իմ մարմինն ամբողջությամբ դողում էր։ Մի կերպ ուշքի եկանք, օգնեցին հարևանները։ Դրանից հետո ես գնացի մեր մարզի ոստիկանության բաժանմունք, ասացի՝ կա՛մ գնացեք դրա հագից հանեք տղուս նկարով հագուստը, կա՛մ բերման ենթարկեք։ Որ դրանք պատժվեին, գնացի նաև մարզային անվտանգության կոմիտե, ասացին՝ համապատասխան հոդված կա անձին բարոյական վնաս հասցնելու մասով, կճշտեն՝ ինչ կարող են անել, կպատժեն»,- ասում է նա:
Տավուշի մարզի Դիլիջան համայնքից է եղել, ամուսնացած, նրա տղան այժմ 15 տարեկան է, աղջիկը՝ 12։
Նախ սահմանապահ ծառայություն է իրականացրել մարզում, հետո՝ մինչ պատերազմը, այլ աշխատանքի բերումով գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։
Հայրը հիշեցնում է, որ այդ ընթացքում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, թռիչքներ չէին թողնում, սակայն հետո, երբ որոշակի մարդկանց համար թռիչք են կազմակերպել, Գեորգին այդ խմբի հետ վերադարձել է հայրենիք։ Հոկտեմբերի 12-ին կամավոր գնացել է առաջնագիծ:
«Նոյեմբերի 4-ին տղաս զոհվել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ Երկու ամիս փնտրել ենք՝ մինչև դիակը գտել ենք ու հողին հանձնել։ Չորս տարուց ավելի է՝ տանջվում ենք բոլոր հարազատներով։ Հիմա այս մարդիկ տղայիս նկարն են դնում հագուստին, ինչի՞ համար, ի՞նչ են տվել մեզ, որ չեն կարողանում հետ վերցնել։ Իրենք իրենց սև գործն արել են արդեն, ինչո՞ւ չեն թողում, որ իմ երեխան հանգիստ ննջի»,- զայրանում է որդեկորույս ծնողը։
Գեորգի Մանուչարյանի հորը հանգիստ չի տալիս այն միտքը, թե այժմ որտե՞ղ է իր որդու լուսանկարով շապիկը:
«Իմ ու բոլոր ծնողների անունից խնդրում եմ՝ թող բերեն շապիկները մեզ տան, ներողություն խնդրեն մեզնից, հետո պարզ կլինի՝ իրանց կներե՞նք, թե՞ չէ։ Ինչի՞ համար են մեր ինքնասիրությանը կպնում, չեն թողնում երեխաներս հանգիստ ննջեն։ Թող թողնեն հանգիստ մեր երեխաներին։ Հիմա մղկտում ենք, ոնց որ կրակի վրա անընդհատ յուղ լցնեն, ամեն անգամ ուզենան մեզ տանջեն։ Չի կարելի, մեր երեխաները գնացել են հայրենիքը պահեն, հանգիստ թողեք։ Հիմա որտե՞ղ է իմ երեխու շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում է։ Մի քանի օր առաջ էլ մի վիդեո տեսա համացանցում, արդեն ղափանցիներն էին հագել այդ մայկաները։ Չեմ հասկանում՝ ձեռքից ձեռք է գնո՞ւմ։ Սրբազան է, ինչ է, չի՞ ամաչում»,- զայրանում է Արտեմ Մանուչարյանը։
Ըստ զոհվածի հոր՝ իր որդու հետ կապված առաջին անգամ է նման դեպք տեղի ունեցել։ Վերջինս կարծում է, որ Գալստանյանը և նրա համախոհները միտումնավոր են տղաների նկարներով շապիկներ կրել Երևան մտնելիս․ «Էդքան թափ չունեն, որ մեր մարզում հագնեին, թե չէ մենք կտեսնեինք, մեծ քաշքշուկ կլիներ։ Իրենք եկել են, Երևանում են հագել, որ Դիլիջանից չհասնենք իրենց։ Այդ ձև են գործում։ Սուրեն Պետրոսյանի շապիկին գրած է՝ «Ես Գեորգին եմ», դու չես կարող Գեորգին լինել, բա ո՞ւր էիր 44-օրյայի ժամանակ, գնայիր տղուս կողքը կանգնեիր։ Ես այդ Պետրոսյանին կյանքում չեմ տեսել, չեմ էլ ճանաչում, ինքը այդ համաձայնությունը չի ստացել ինձնից, ի՞նչ իրավունքով է հագել տղայիս նկարով շապիկը։ Ո՞վ ես դու, Սուրեն»։
Արտեմ Մանուչարյանը նկատել է, որ իրենց մարզից զոհված մեկ այլ տղայի՝ Յուրիի նկարով շապիկն էլ մայիսի 9-ի հավաքին կրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Տղայի ծնողները ևս այդ արարքից վիրավորվել են:
Մանրամասն` սկզբնաղբյուրում։
Կարծիքներ