«Գրեմմի» մրցանակակիր քառյակն առաջին անգամ հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը կմեկնարկի «Էբեն» քառյակի փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք բացառիկ համերգով:
Համերգի ծրագրում կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Լարային քառյակ համար 21-ը, Ալֆրեդ Շնիտկեի Լարային քառյակ համար 3-ը և Էդվարդ Գրիգի Լարային քառյակ համար 1-ը։
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսի առջև հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով:
Փարիզում «Իզայի» քառյակի և ապա Գաբոր Տակաչի, Էբերհարդ Ֆելցի և Դյորդ Կուրթագի հետ կատարողական կարողությունները զարգացնելուն հետևում է քառյակի առաջին նշանակալի և նախադեպը չունեցող ձեռքբերումը՝ հաղթանակը 2004 թվականի ARD միջազգային երաժշտական մրցույթում։ Սրանով քառյակը միջազգային համբավ ձեռք բերեց և արժանացավ բազմաթիվ այլ մրցանակների։ 2005 թ.-ին խումբն արժանացավ Ֆորբերգ-Շնայդեր հիմնադրամի «Բելմոնտ» մրցանակի, 2007 թ.-ին՝ Բորլետտի-Բուիտոնի հիմնադրամի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թ.-ին էլ դարձավ Ֆրանկֆուրտի երաժշտական մրցանակին արժանացած առաջին քառյակը։
Բարտոկի, Բեթհովենի, Դեբյուսիի, Հայդնի, Ֆորեի, և Մենդելսոն եղբայրների ստեղծագործությունների ձայնագրություններն արժանացել են բազվաթիվ մրցանակների՝ այդ թվում «Գրամոֆոն»-ի, BBC Music Magazine-ի մրցանակի, Midem Classic մրցանակի։
Անսամբլի նշանակալի ձեռքբերումներից է Բեթհովենի 16 լարային քառյակների ձայնագրությունը՝ ստեղծագործություններ, որոնք անսամբլը 2019 թ.-ի մայիսից 2020 թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է աշխարհի հինգ մայրցամաքում։ Այս ամբողջական ձայնագրությամբ «Էբեն» քառյակը տոնեց իր հիմնադրման քսանամյակը։
Քառյակի կազմից Պիեռ Կոլոմբեն նվագում է երկու գործիքով։ Առաջինը Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1717 թվականին ստեղծած «Պիատտի» ջութակն է, իսկ երկրորդը՝ Մատեո Գոֆրիլերի՝ 1736 թվականին ստեղծած գործիքը։
Գաբրիել լը Մագադյուրը նույնպես նվագում է երկու գործիք՝ երկուսն էլ Գուարներիի ձեռքով ստեղծված։ Առաջինը ժամանակին պատկանել է Բարոն Ռոթշիլդին, իսկ երկրորդը ստեղծվել է 1740 թվականին
Մարի Շիլեմի երկու ալտերից մեկը Ստրադիվարիուսի՝ 1734 թվականին ստեղծված «Գիբսոն» ալտն է։
«Բույրերը կարծես վերածվում էին ձայների, տարածության խորքերից լսվում էին արձագանքները, և չորսը նախ զգուշորեն միահյուսվում էին, ապա ջանասիրաբար ձուլվում իրար ու աշխուժորեն տարածվում։ Դա մի աննկարագրելի փորձառություն էր»,- քառյակի մասին գրել է Süddeutsche Zeitung-ը 2023-ի մարտին։
Կարծիքներ