2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Երեք հավակնորդները
2020 թ. «Երիտասարդական Ավրորա» նախագծի հավակնորդներն են Տանզանիայի UWC Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սինգապուրի UWC Հարավարեւելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողական թիմերը: Նրանք պատրաստվում են նոյեմբերի 3-ին իրենց նախագծերը ներկայացնել ժյուրիին:
Մենք հպարտ ենք բոլոր ուսանողներով, որոնք չնայած կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մարտահրավերներին եւ ուսումնական ուղեւորությունների սահմանափակումներին, հետ չկանգնեցին իրենց մարդասիրական գաղափարներն իրագործելու մտքից, որոնց կարիքը կա հատկապես այս տարի: UWC դպրոցներից եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից տասներկու նախագիծ է ներկայացվել 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»՝ առաջարկելով խնդիրների հաղթահարման հեռանկարային եւ մանրամասն նախագծեր իրենց դպրոցների գտնվելու վայրերում. Հնդկաստանի Մուլշի Տալուկա գյուղական վայրերում կանխարգելիչ բժշկական խնամքից մինչեւ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում որոշակի դեղերի եւ սննդի համադրության վնասակար փոխազդեցությունից խուսափելու համար նախատեսված հավելված, Տանզանիայի Սանյա Հոյի գյուղում տեղացիների եւ փղերի խաղաղ գոյակցությունից մինչեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի Մոստար քաղաքում փախստականների ու տեղի համայնքի միջեւ խաղաղ համակեցության ստեղծում:
Նախագծերից յուրաքանչյուրը հիշեցում էր եւ ապացույց «Երիտասարդական Ավրորան» հիմնադրած կազմակերպության՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելության կարեւորության մասին: «Ավրորան», որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին բազմաթիվ նախագծերի միջոցով օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այդ նախագծերից մեկն էլ «Երիտասարդական Ավրորան» է, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ խրախուսում է, ներկայացնում եւ աջակցում ուսանողական ծրագրերին, որոնք վեր են հանում մարդասիրական հստակ խնդիրներ եւ առաջարկում կայուն ու նորարարական լուծումներ:
Մարդասիրական ոգին իր հստակ արտահայտությունն է գտնում ներկայացված յուրաքանչյուր նախագծում, որոնք գնահատում է մարդասերներից եւ ձեռներեցներից կազմված նախընտրական հանձնաժողովը՝ ըստ յոթ հիմնական չափորոշիչների. ստեղծարարություն, կայուն լուծումներ, հետազոտության որակ, հնարավոր ազդեցություն, ինչպես նաեւ նվիրվածություն, ինքնահայեցողություն եւ ձեւաչափ: Բոլոր թիմերը մանրամասն կարծիք-վերլուծություն են ստանում ժյուրիից, որպեսզի կարողանան հետագայում եւս զարգացնել իրենց ծրագիրն ու իրագործել այն:
Կարծիքներ