Վաղը տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը

Վաղը տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը

Հունիսի 21-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։
 

Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս «հրե օղակը» տեսանելի կլինի Ասիայից և Աֆրիկայից։
 

Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն:
 

Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:
 

Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնելով առավելագույն փուլին և կավարտվի 09:34:01-ին։ Լավագույն տեսանելիությունը կլինի Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ արդեն կեսօր կլինի։ Հայաստանից կդիտվի մասնակի խավարում՝ շուրջ 30%։ 
 

Այն կսկսվի Երևանի ժամանակով 08։55։33-ին, առավելագույն փուլին կհասնի 09։45։43-ին և կավարտվի 10։51։59-ին։ Լուսինն Արեգակի սկավառակը մասամբ կծածկի վերին աջ կողմից և աստիճանաբար կիջնի դեպի ներքև։

Նշենք, որ այս օղակաձև խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում