Եթե նախկինում մարզադահլիճում տեղավորում էինք 100 դիմորդ, հիմա ամենից շատ լինելու է 60 դիմորդ. Կարո Նասիբյան
Քննական շրջանը լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Այս տարվա ընդունելության քննությունները, համավարակով պայմանավորված, հիմնովին կտարբերվեն նախորդներից: Գնահատման թեստավորման կենտրոնից վստահեցնում են՝ քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները:
Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ սկսած գրիչներից: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:
«Եթե նախկինում մարզադահլիճում տեղավորում էինք 100 դիմորդ, հիմա ամենից շատ լինելու է 60 դիմորդ: Եթե մենք նիստերի կամ հանդիսությունների դահլիճում, միջանցքներում տեղավորում էինք 60-ից ավելի, ապա հիմա 40-ից ավելի չի լինելու, որպեսզի իրարից հեռու նստած լինեն, և այդ հեռավորությունը աշխատում ենք մեկուկեսից ավելի պահել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս՝ այդ օրերին դիմորդներին աջակցելու են գալիս ծնող-բարեկամ-հարևան: Այս տարի ծնողներին հորդորում են խուսափել կուտակումներից, հնարավորության դեպքում չայցելել քննական կենտրոններ:
«Հիմա ոստիկանությունը պետք է նախ` չթողնի՝ ծնողները մտնեն դպրոցի տարածքից ներս, տարածքում լինելու են գծեր՝ երկու մետր իրարից հեռու: Հերթով գալու են քննասենյակներ: Հեռուստացույցի մոտ կլինի երկու հոգի, կվերջացնեն, հետ կգան, նոր մյուս երկուսը կգնան»,- ասաց Նասիբյանը:
Կարծիքներ