Չինաստանի ԱԳՆ-ն ԳՀՀԾ-ի բոլոր կողմերին հորդորել է ճկունություն դրսեւորել
Չինաստանը իրանական միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բոլոր կողմերին կոչ Է անում ճկունություն դրսեւորել, որպեսզի որքան կարելի Է ավելի շուտ բեկում արձանագրվի գործարքի կատարումը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացքում: Այդ մասին հունվարի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:
Այս շաբաթ Վիեննայում վերսկսվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար իրականացման վերականգնման շուրջ բանակցությունները: Ներկայում ընթանում Է Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը, այն սկսվել Է դեկտեմբերի 27-ին, Ամանորի տոների կապակցությամբ կարճ դադար Է վերցվել:
«Երեկ Վիեննայում վերսկսվել են բանակցությունները ամանորյա արձակուրդների դադարից հետո, եւ մենք ուշադիր հետեւում ենք բանակցությունների ընթացքին… Մենք պետք Է գիտակցենք, պետք Է հստակ հասկանանք, որ մեր այստեղ գտնվելու պատճառը եւ թե ինչու Է ԳՀՀԾ-ն գտնվում ճգնաժամի եւ վտանգի մեջ, ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն Է, դա Է ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը, եւ, բնականաբար, ԱՄՆ-ը պետք Է միջոցներ ձեռնարկի իր պատժամիջոցները, ես կասեի՝ անօրինական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, որովհետեւ պատժամիջոցներն արդեն հանվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»,-հայտարարել Է դիվանագետը:
«Երկրորդը, ինչը հարկ Է նշել, դա այն Է, որ յուրաքանչյուր կողմը պետք Է ճկուն մոտեցում դրսեւորի բանակցություններում՝ բոլոր կողմերի օրինական մտահոգությունները հաշվի առնելու եւ շուտափույթ բեկման հասնելու նպատակով»,-ընդգծել Է նա:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականին կնքեցին ԳՀՀԾ գործարքը, ինչը ենթադրում Է Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ