Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելա Մուրադյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, և բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի և տեխնիկական իմաստով, և ավելացվող ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների իմաստով, ինչպես նաև ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալը։
Մուրադյանը հայտնեց, որ նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության համար, կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:
«Կամուրջը լինելու է 160 մետր երկարությամբ։ Ունենալու է երկու կողմից մոտեցնող ճանապարհեր՝ Հայաստանի կողմից դեպի Վրաստան մոտ երկու տոկոս թեքությամբ։ Կամուրջի մեջտեղով անցնում է Դեբետ գետը, որը հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին»,- ասաց Մուրադյանը։
Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը Հայաստանի կողմից կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վրացական կողմից կմասնակցի Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Ներկա կլինեն նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Goosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Կարծիքներ