Կսուբսիդավորի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը
Պետությունը կսուբսիդավորի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:
Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։
էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի ընդունումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության, մասնավորապես՝ պարենային ցորենի ապահովման անհրաժեշտությամբ։
« 7 մարզերում գտնվում են մեր աշնանացան ցորենի 95 տոկոսից ավելին: Դրանով հանդերձ մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է: Իսկ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացու ոչ բավարար որակն է: Մենք եկանք եզրակացության, որ խնդիրը որակյալ սերմացուի առկյությունն է շուկայում և դրա մատչելիությունը գյուղացիների համար:
Մենք որոշեցինք, որ սուբսիադավորենք շուկայում առաջարկվող որակյալ սերմացուն: Այս որոշմամբ առարակում ենք սահմանել, որ այդ սերմացուի մեկ կիլոգրամի մեջ գնի 70 դրամը կվճարի կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը պատրաստ է իր պարենային ցորենը, որ պահել էր որպես սերմացու, վաճառել 100 դրամով, դրան ավելացնել ևս 50 դրամ եւ 150 դրամով վճարել այն սերմացուի համար, որի 70 դրամը վճարում է պետությունը։ Սահմանել են նաև առավելագույն սահմանաչափ՝ մինչեւ 20 հեկտար»,- մանրամասնեց նախարարը։
Խաչատրյանը վստահեցրեց՝ այս ծրագրի արդյունքում ցորենի բերքատվության մակարդակի շուրջ 30 %-ով կբարձրանա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ցորենի արտադրության խթանման ծրագիրը կշարունակվի 1-2 տարի։
Կարծիքներ