Նախորդ օրվա գործողությունների հետևանքով բալանսը որևէ ձևով չի փոխվել. Փաշինյանը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում բալանսը որևէ ձևով չի փոխվել: Այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք նոր տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված 41 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ վարչապետն ասաց, որ այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով: «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել: Այսինքն՝ մի շաբաթ առաջ էլ էր այդ 41 քառ. կմ-ը, մայիսի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում և երեկվա գործողությամբ էլ է այդ նույնը: Այնպես չէ, որ այդ 41 քառ կմ-ն ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից: Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով ըստ էության տարբեր հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ-ի և մեր ԶՈՒ-ի դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն մխրճված մեկը մյուս մեջ՝ անտրամաբանական ձևերով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց մանավանդ հիմա դաշտը լավ և ճիշտ պատկերացնելը: Նրա խոսքով՝ մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով կամ արդյունքներով: «Մենք այդ տարածքները կոնկրետ տեղերով, հատվածներով գիտենք: Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Փաշինյանի խոսքով՝ երբ ՀՀ-ն ասում է, որ Ադրբեջանը իր տարածքները օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան լինում է հետևյալը՝ այո, այդպես է, բայց այնպես չէ, այդտեղ միանշանակ բալանս կա, տարածքներ կան, որ հայկական վերահսկողության ներքո են, բայց չպետք է լինեին, և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին դե յուրե հանգամանքներից ելնելով: «Սա է պատճառը, որ միջազգային հանրությունը և մեզ, և Ադրբեջանին ասում է սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց և կողմնորոշվել, թե ինչ մեթոդաբանությամբ, ինչ իրավական հիմքերի վրա է դա տեղի ունենալու, որ այդ հարցը մեկընդմիշտ փորձենք փակել»,-ասաց վարչապետը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք երեկվա ռազմական ագրեսիայի արդյունքում ադրբեջանական զորքերը խորացել են ՀՀ տարածք, նոր տարածքներ անցե՞լ են նրանց տիրապետության տակ, թե ոչ:
Փաշինյանը նշեց, որ ըստ էության այդ հարցին պատասխանել է: «Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել: Կան ներխուժված հատվածներ, որոնցում մենք և ադրբեջանցիներն ունենք դիրքեր: Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք: Այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է: Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ-որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում ուրիշ տեղ դնում այդ նույն տարածքի մեջ: Ըստ էության ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել: Այդ 41 քմ կմ-ի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել: Սրանից առաջ էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք, և փոխադարձաբար այդ իրավիճակներն ունենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ն միջազգային հանրության այդ ուղերձն ընդունում, ընկալում է: Նա նշեց՝ ինչքան էլ ՀՀ-ում շատ ծանր քննադատության է արժանացել, դեռ 2021-ի մայիսին է կառավարության նիստում հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին ինքը պատրաստ է ստորագրել: «Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց, դրանից հետո էլ 2 անգամ սկսելու առաջարկներ եղել է, և մենք համաձայնել ենք գործընթացը սկսելու»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ