Այսօր Շիրակի և Լոռու մարզերում գործարկվում է պարեկային ծառայությունը, ինչն իր մեջ լավ խորհուրդ է պարունակում. Թորոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողներին:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության սիրելի ծառայողներ, ոստիկանության հարգելի վետերաններ,
Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։
Ցանկացած երկրի ոստիկանություն դա այդ երկրի հայելին է, որին նայելով տեսնում ես թե ինչպես է աշխատում օրենքը, ինչպես է պետությունը վերաբերվում իր քաղաքացիներին, ինչպես են պաշտպանվում քաղաքացիների հիմնարար իրավունքները և ինչպես է գործում պատժի անխուսափելիության սկզբունքը՝ օրենքը խախտողների համար։
Ցավով պետք է նշեմ, որ միշտ չէ, որ այդ հայելին մեր դեպքում ցույց է տվել այն, ինչ ամրագրված է եղել մեր սահմանադրության և օրենքների մեջ, կամ թելադրում են համամարդկային արժեքները։ Միշտ չի եղել այնպես, որ ոստիկանը լինի առաքինության մարմնավորում և մեր երեխաների համար հերոսի կերպար։
Բարեբախտաբար 2018 թվականից սկիզբ առած երկրի քաղաքական վերափոխումն իր մեջ ընդգրկեց նաև ոստիկանական համակարգը և այդ ոլորտում կատարվող բարեփոխումները դրա վառ ապացույցն են։ Այսօր, ոստիկանության մասնագիտական օրը Շիրակի և Լոռու մարզերում գործարկվում է պարեկային ծառայությունը, ինչն իր մեջ լավ խորհուրդ է պարունակում. ոստիկանությունը շրջվել է դեմքով դեպի իր քաղաքացին։
Այսպիսով, ոստիկանության բարեփոխումները հենց այսօր իրենց լայն թափի մեջ են, բայց իհարկե դեռ հեռու են ավարտված լինելուց, ինչպես շատ այլ ոլորտներում։ Իհարկե, բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն արտաքին ծառայություն իրականացվող ստորաբաժանումների արդիականացմամբ և կառավարությունը նաև ջանքեր է գործադրում մյուս բոլոր ուղղությունները բարելավելու մասով։
Խոնարհվում եմ իրենց ծառայողական պարտականությունները և հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ոստիկանների առաջ։ Փառք և վառ հիշատակ»։
Կարծիքներ