Քանի՞ ամրակայված և կահավորված դիրք կարժենար Հայաստանի նախկին կառավարող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանների յուրաքանչյուր հարկ. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մոտ երկու տասնամյակ առաջ Հայաստանի պետական բյուջեն ունեցավ եկամուտների ավելցուկ, մոտ 12 միլիարդ դրամի: 12 միլիարդ դրամը ուղղվեց ոչ թե առաջնագիծը բետոնապատելու, ինժեներական հզոր ամրություններ ստեղծելու, այլ ուղղվեց մարզեր, իբրև թե զարգացման, իսկ գործնականում իհարկե ՏԻՄ կառույցների այսպես ասած «սնուցման», մոտիվացնելով իշխանության վերարտադրության նպատակով աշխատանքի հարցում:
Քանի՞ ամրակայված և կահավորված դիրք կարժենար Հայաստանի նախկին կառավարող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանների յուրաքանչյուր հարկ, կամ մեքենաների պարկի ամեն մի միավոր: Եթե նախորդ երկու տասնամյակում, նախորդ քառորդդարյա շրջափուլում Արցախը ռազմա-քաղաքական իմաստով պահվեր ոչ թե խոսքով, հայրենասիրական ճառերով և շոու-բիզնեսի հայրենասիրությամբ, այլ իրական գործով, հետևողական և անմնացորդ, նվիրական աշխատանքով, ապա բացարձակապես այլ զարգացման ծիրում կլիներ Հայաստանն ընդհանրապես, բոլորովին այլ կլիներ Հայաստանի հանդեպ Սփյուռքի վերաբերմունքը, այլ որակի կլիներ Հայաստանի ներքին դիսկուրսը, այլ կլիներ Հայաստանի դերը թե քաղաքական կարգավորման գործընթացում, թե այդ կարգավորման միջնորդ դերակատարների հետ հարաբերությունում, թե ընդհանրապես ռեգիոնալ հարցերում:
Եթե վարվեր իշխանությունն Արցախին, այլ ոչ թե Արցախն իշխանությանը ծառայեցնելու քաղաքականություն, ապա թե Հայաստանը, թե Արցախը կունենային բոլորովին այլ քաղաքական բովանդակություն ու որակ, հետևաբար այլ սուբյեկտություն,, ինչը չափազանց կարևոր էր աշխարհաքաղաքական այն հասունացող փոթորկի պայմաններում, որ ծավալվում էր Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես:
Մինչդեռ, դրա փոխարեն, աշխարհաքաղաքական փոթորկին Հայաստանի կառավարող այդ համակարգը ընդառաջ էր գնում «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ, Հայաստանն ու Արցախը թողնելով փոթորկի և ջրհեղեղի արանքում»:
Կարծիքներ