ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ:

Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

Փաստաթղթում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել: Բացի դրանից, զեկույցի հրապարակման պահի դրությամբ՝ Պաշտպանի փաստահավաք գործունեության հիման վրա արձանագրված են շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձանց անուններ, որոնց մի մասը, ապացուցված տվյալներով, գտնվում է ադրբեջանական գերության մեջ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական լռությունից: Սակայն պրակտիկան հուշում է, որ նշված քաղաքացիական անձանց մի մասն էլ ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և չի բացառվում, որ առաջիկայում կգտնվեն նրանց մարմիններն իրենց բնակության վայրերում կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում, ինչպես որոշ մարմիններ գտնվել են առ այսօր: Նշված պատճառներով ներկայացված ցանկերն ու վիճակագրությունը դեռևս նախնական են, և փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Զեկույցի 2-րդ բաժնում ներկայացվում են 39 քաղաքացիական զոհեր, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների հետևանքով, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների դեպքերը:

Բաժին 3-ն ամփոփում է 21 քաղաքացիական զոհերի վերաբերյալ տվյալները, որոնք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: Հաշվի առնելով, որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը:

Այնուամենայնիվ, որոշակի դեպքերով ներկայացվում են նաև հակիրճ տեղեկություններ դատաբժշկական փորձաքննությունների նախնական եզրակացություններից:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում