ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարման գնահատման քննարկում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Կարեն Գիլոյանն ընդունել են Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալին:
Նա Հայաստան է ժամանել՝ գնահատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարումը, ինչպես նաև ՀՀ-ում միջգերատեսչական համագործակցության ուժեղացմանը միտված ծրագրի իրականացման արդյունքները:
Հանդիպումներին ներկա է եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակում Հայաստանի հակադոպինգային գործակալությունը պատրաստել և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի փորձաքննությանն է ներկայացրել 40 րոպե տևողությամբ կրթական ֆիլմ՝ նվիրված դոպինգի պատմությանն ու արգելված նյութերի վնասակար հատկություններին: Ուսումնական նյութը ցուցադրվել է Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին, թեմայի շրջանակում կազմակերպվել է հարցուպատասխան: Ուսումնական տարվա ընթացքում իրազեկման բարձրացման նպատակով աշխատանքներ կիրականացվեն նաև հանրակրթական այլ դպրոցներում, ինչպես նաև մարզադպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, կարևորել է հակադոպինգային կրթությունը և այս ուղղությամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխանակման ծրագրերի իրականացումը: Պատրիկ Տրաբալը ներկայացրել է նաև Փարիզի Նանտեր համալսարանում հակադոպինգային կրթության և համապատասխան մասնագետների պատրաստմանն ուղղված մագիստրոսական տարբեր ծրագրերը՝ առաջարկելով դրանցում դիտարկել հայ ուսանողների ներգրավվածության հնարավորությունը:
Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ համագործակցության մյուս կարևոր ուղղություններից է զարգացնել ազգային հակադոպինգային ծրագիրը մինչև 2027 թվականը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերը պատշաճ սպասարկելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարմանը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մաքուր սպորտի կողմնակից է:
«Իրավիճակը կանխատեսելի և վերահսկելի է: Մտադիր ենք ավելացնել բյուջեն՝ դոպինգ թեստերի քանակն ավելացնելու և տեղական հաճախակի ստուգումներով վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնց շրջանակում ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:
Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունը՝ փաստելով, որ հայ մարզիկների մոտ վերջին տարիներին դոպինգի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ