«Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին
Ավելի քան 250 ուկրաինացի զինվոր, այդ թվում՝ 51 վիրավոր, Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հանձնվել է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեքշաբթի հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։
«Ընդհանուր առմամբ Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից 256 ուկրաինացի զինյալ է հանձնվել, գերիների թվում վիրավորների թիվը 51 է», - ասվում է շտաբի թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ երկուշաբթի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ազովստալ»-ի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի վիրավոր զինծառայողներին գործարանից դուրս բերելու վերաբերյալ։ ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողներին տեղափոխում են Նովոազովսկի բուժհաստատություն։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ մայիսի 16-ին 53 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորներ «Ազովստալ»-ից տարհանվել են ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածք՝ Նովոազովսկ, իսկ 211 ուկրաինացի զինվոր հումանիտար միջանցքով տեղափոխվել է Ելենովկա (ԴԺՀ):
Ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհը՝ զինվորականներին հանձնարարելով այնպես արգելափակել տվյալ արդյունաբերական գոտին, որ անգամ «ճանճը չկարողանա անցնել»։
Կարծիքներ