Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 6 ամսով: Ըստ հեղինակի` այս կարգավորումը խնդրահարույց է: Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները ևս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել:
Հետևաբար` նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև մեկ տարով: Սերգեյ Բագրատյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին: Քննարկմանն առաջարկվել է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով, ինչը հեղինակն ընդունել է:
Նշենք, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է առաջարկության ընդունումը` նշելով, որ գործող 6 ամիսը բավարար չէ: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարն առաջարկել է լրամշակել նախագծի հիմնավորումները, նաև հստակեցնել անցումային դրույթները:
Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:
Կարծիքներ