Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ջերմ ընդունելության և կառուցողական ու բովանդակալից երկխոսության համար:
Հատկանշական եմ համարում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին այցը կատարում եմ հենց Մոսկվա, ինչը միանշանակ վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները նոր խթան կհաղորդեն մեր դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ու զարգացմանը:
Ես և Սերգեյ Լավրովն արդեն մեկ անգամ հնարավորություն ունեցել ենք հանդիպել Երևանում: Մենք նաև մշտական կապ ենք պահպանում տարբեր հարցերի շուրջ, և այսօրվա այցը մեր երկրների, ինչպես նաև մեր ղեկավարած գերատեսչությունների միջև հարաբերությունների՝ արդեն իսկ հաստատված ավանդույթի տրամաբանական շարունակությունն է:
Այսօր մենք հանգամանորեն անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերին: Բնականաբար, հիմնական շեշտադրումն արվել է վերջին ամիսների ընթացքում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա՝ սույն թվականի նոյեմբերի 9-ին ընդունված համատեղ հայտարարության լույսի ներքո։
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ նոյեմբերի 9-ին հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում հրադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը:
Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանային անդորրի ու կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, իր տարածաշրջանային հովանավորի՝ Թուրքիայի և վերջիններիս կողմից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների սադրանքները կանխելու երաշխիք:
Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ քննարկումներ վերսկսելու համար:
Քննարկեցինք նաև հարցերի մի մեծ փաթեթ, որը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների նպատակաուղղված հրետակոծությունների հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին: Մենք շնորհակալ ենք Ձեզ հումանիտար խնդիրների հասցեագրման գործում օպերատիվ և արդյունավետ մասնակցության համար: Այս համատեքստում կարևոր ենք համարում տեղում հումանիտար խնդիրների լուծման նպատակով միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավումը:
Հումանիտար հարցերի համատեքստում առաջնահերթ խնդիր է, ինչպես արդեն նշեց Սերգեյ Լավրովը, ռազմագերիների և պատանդների անհետաձգելի և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը խափանելու փորձեր չեն լինի:
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմից չեն դադարում հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Մեր ռազմագերիները, իրենց բնակավայրերը լքել չհասցրած քաղաքացիական անձինք ենթարկվում են դաժան կտտանքների և կենդանի վիճակում գլխատման, ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում «Իսլամական պետությունն» էր վարվում պատանդների հետ:
Աղաղակող են նաև Արցախում հայկական հուշարձանների և կրոնական վայրերի՝ եկեղեցիների և տաճարների նկատմամբ վանդալիզմի և սրբապղծության դրսևորումները: Այս ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք և միջազգային հանրությունն ականատես եղանք այն հակահայկական քաղաքականության դրսևորումների նոր ալիքի, որով տասնամյակներ շարունակ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներդրել է ադրբեջանական հասարակության մեջ:
Ըստ էության՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում։
Այսօրվա բանակցությունների ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի Արցախի հարյուր հիսուն հազար բնակչության՝ իր իսկ պատմական հայրենիքում բոլոր իրավունքների վերականգնման և իրացման անհրաժեշտության հրամայականը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Հայաստանը հանդես է եկել, հանդես է գալիս և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և ամուր կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների միջոցով՝ հակամարտության կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումների դինամիկան մեկ անգամ ևս հաստատում են մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առավել սերտ համագործակցության և միջազգային հարթակում այդ փոխգործակցության համակարգման կարևորությունը:
Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտագիտությունը ջերմ ընդունելության համար. սպասում ենք Ձեզ Երևանում: Շնորհակալություն»։
Հարց. Նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը ակնհայտորեն միայն ժամանակավոր քայլ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Արդյո՞ք այս հարցի շուրջ մոտ ժամանակներս նախատեսվում են ավելի բովանդակային քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակով, և ե՞րբ կարող են տեղի ունենալ նմանատիպ հանդիպումներ։
Արա Այվազյան. Չէի ասի, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր է, այն անկյունաքարային հայտարարություն է՝ կրակի և արյունահեղության դադարեցման առումով, և դրանում առկա են փախստականների վերադարձին առնչվող և այլ հարցեր , որոնք ուրվագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական չափորոշիչները:
Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները համապարփակ բանակցությունների մաս են կազմում, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության գոտում կլինի իրադրության կայունացում, և եսս կիսում եմ Սերգեյ Լավրովի այն կարծիքը, որ այս իմաստով որոշակի զգուշավոր լավատեսություն կա: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած ողբերգության կրկնություն: Բնականաբար, մենք նաև ընդգծում ենք անցյալ շաբաթ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ հայտարարության ընդունման կարևորությունը, ինչը վկայում է հիմնախնդրի հետագա և վերջնական կարգավորման համար այս ձևաչափին ցուցաբերվող միջազգային աջակցության մասին: Մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների այց տարածաշրջան, ինչպես նաև արտգործնախարարների և համանախագահների միջև խորհրդակցությունների մեկնարկ, որի արդյունքում, կարծում եմ, ապագայում հնարավոր է հող նախապատրաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար:
Հարց. Պարո՛ն Այվազյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը, և հայտարարել է, որ այդ համաձայնագիրը երեք տասնամյակից անց խաղաղության հասնելու իրական հնարավորություն է: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ հայտարարությունը։
Արա Այվազյան. Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը։ Ես կհիշատակեմ Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի գործողությունները՝ սկսելով հարյուրամյա վաղեմության ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից: Ցանկանում եմ հիշեցնել, որ հայերի մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այն մարդկանց ժառանգներն են, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. մենք ունենք պատմական հիշողություն։
Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները անկեղծ ցանկություն հայտնեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Ի պատասխան, 1993 թ. մինչ օրս՝ այս ամբողջ երեսուն տարիների ընթացքում, մենք ականատես եղանք մինչ օրս շարունակվող շրջափակմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մերժմանը և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող կտրուկ ագրեսիվ մոտեցումանը: Եթե հիշում եք, 2008-2009 թթ. սկսվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, որը նախաձեռնել էր հայկական կողմը` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար, որն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք, ի վերջո, մնացին թղթի վրա, և Թուրքիան կրկին հրաժարվեց կատարել իր պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատրվակներ:
Վերջերս, ապրիլի 24-ին, երբ Հայաստանը և ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, որում, սկզբունքորեն, արդարացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը, ինչը իրապես ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի` հարաբերությունների կարգավորման պատրաստ չլինելը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարավային սահմանին տեղի ունեցած սրումից հետո Թուրքիան նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ ագրեսիայով:
Ես արդեն նշել եմ իմ խոսքում, որ կարծում եմ՝ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի հրահրման գործում, ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը և չափազանց բացասական դերակատարություն է ունեցել այս ընթացքում, ներմուծել է զինյալ ահաբեկիչներ, անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններում՝ անգամ ստանձնելով մրտական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է զինադադարի պայմանավորվածությունները: Եթե հիշում եք, հոկտեմբերի 9-ին երկարատև քննարկումներից հետո համաձայնեցվեց առաջին նման փաստաթուղթը, ապա երկրորդը և երրորդը Միացյալ Նահանգներում: Ամեն անգամ այդ համաձայնությունները չեզոքացվում էին հենց Անկարայի բացասական դերի պատճառով:
Մենք բոլորս ենք կիսում «նոր Հարավային Կովկասի» մասին տեսլականը. մենք ցանկանում ենք ապրել կայուն, բարիդրացիական մթնոլորտում մեր հարևան պետությունների հետ, բայց դրան հասնելու համար և հաշվի առնելով այն փոքր հատվածը, որ ես թվարկեցի, Անկարան նախևառաջ պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել էր այս ամբողջ ընթացքում: Եվ մենք կհետևեն թե ինչպիսի միջոցներ կձեռնարկի Անկարան՝ վստահության վերականգնման ուղղությամբ: Միայն դրանից հետո մենք կգնահատենք՝ որքանով անկեղծ են «Հարավային Կովկասի համար նոր դարաշրջանի» մասին նրա խոսքերը:
Կարծիքներ