FITCH-ը հրապարակել է թուրքական բանկերի վերաբերյալ զեկույց
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Թուրքիայի բանկերի վերաբերյալ իրականացրած 3-րդ եռամսյակի տվյալների մոնիտորինգի տեղեկագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Sözcü լրատվական կայքը, ըստ Fitch-ի զեկույցի՝ Թուրքիայում բանկերի արտարժույթի իրացվելիության հասանելիությունը արդեն մեծապես կախված է Կենտրոնական բանկից։
Զեկույցում նշվել է, որ սեպտեմբերի վերջին Թուրքիայի բանկերում խնդրահարույց վարկի տոկոսադրույքը նվազել է մինչև 4.1%, մինչդեռ բանկերում վարկի աճի տեմպը երրորդ եռամսյակում թուլացել է տոկոսադրույքների աճի և ակտիվների հարաբերակցությունը կանոնակարգելու պարտավորության վերացման հետ միասին։
Զեկույցում նաև ընդգծվել է, որ թուրքական բանկերի արտարժույթի իրացվելիությունը բավարար է միայն կարճաժամկետ ժամանակահատվածում շուկայի զգայուն արտաքին ֆինանսավորման կարիքները ծածկելու համար։
«Բանկերի կապիտալի գործակիցների հետ կապված ռիսկերը բարձր են։ Բանկերի արտարժույթի իրացվելիության հասանելիությունը արդեն մեծապես կախված է դարձել Կենտրոնական բանկից»,- եզրափակվում է տեղեկագիրը։
Թուրքական ազգային արտարժույթի փոխարժեք մեկ ամերիկյան դոլարի դիմաց այսօր կազմել է 7.87։ Բանկիրները այս աճը կապում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների հետ, որոնք շուկայում բացասական գնագոյացում են առաջացնում։
Կարծիքներ