Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Փետրվարի 12-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն են ներկայացվել դիմումատուի բողոքը և հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները` բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար:
«Ներկայացված հաղորդման հիման վրա 15.02.2021 թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է:
Միաժամանակ հայտարարում ենք, որ ԱՀ դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում` պատշաճ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ԱՀ դատախազությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ