ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ քննարկվել է Հայաստանում փոքր ֆերմերների դիմակայունության խնդիրը

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ քննարկվել է Հայաստանում փոքր ֆերմերների դիմակայունության խնդիրը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նոյեմբերի 10-ին կլոր-սեղան քննարկում է կազմակերպել «Փոքր ֆերմերների դիմակայունության ձևավորումը ճգնաժամի ժամանակ» թեմայով։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ ՊԿԳ Հայաստանի գրասենյակից, քննարկումը կազմակերպվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։ «Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՊԳԿ-ի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամի իրականացրած հետազոտությունների արդյունքները և ՄԱԶԾ-ի փորձը Հայաստանում, ինչի հիման վրա մասնակիցները քննարկում ծավալեցին գյուղմթերքի արժեշղթաների խոցելիության մեղմացման և փոքր ֆերմերների դիմակայունության բարձրացման ուղիների շուրջ։

COVID-19 համավարակն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, և գյուղատնտեսությունը բացառություն չէ։ Փոքր ֆերմերները տուժում են նաև տնտեսական, բնապահպանական և քաղաքական ցնցումներից: Հետևաբար, մանր ֆերմերները շարունակաբար կանգնած են ցնցումները կանխատեսելու, պատրաստվելու, հաղթահարելու և վերականգնվելու մարտահրավերի առջև:

ՊԳԿ-ի՝ «Տավուշի եւ Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցության գնահատումն» ուսումնասիրում է գյուղատնտեսության և գյուղական զարգացման ոլորտում իրավիճակը Լոռու և Տավուշի մարզերում՝ COVID-19 համավարակի մի քանի ալիքներից հետո։ 2021թ․ դեկտեմբերին «Սիվիտտա» ընկերության (նախկինում EV Consulting) իրականացրած հետազոտությունը բացահայտել է, որ թեև COVID-19 համավարակը մեծ խնդիրներ չի ստեղծել Լոռու և Տավուշի փոքր ֆերմերների համար, այսուհանդերձ, միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումները և առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները: Այլ կերպ ասած` համաշխարհային առողջապահական ճգնաժամը մեծացրել է առկա սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների ազդեցությունը և լրացուցիչ դժվարություններ ստեղծել գյուղատնտեսական միջոցների ապահովման գործընթացում: Այս պայմաններում ֆերմերներն ավելի խոցելի են դարձել արտաքին ցնցումների նկատմամբ՝ պայքարելով բազմաթիվ մարտահրավերների դեմ՝ տնտեսական, առողջապահական և բնապահպանական: Համաճարակը ևս մեկ անգամ ընդգծել է դիմակայուն, ճկուն և փոփոխությունների պատրաստ գյուղատնտեսական արժեշղթաների անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի «Համայնքային մակարդակի բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունն ուսումնասիրում է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատությունը և COVID-19-ի նկատմամբ խոցելիությունը համայնքային մակարդակում։ Բազմաչափ աղքատությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ապրում են հիմնական կենսագործունեության ցուցանիշների մասով միջազգայնորեն համաձայնեցված նվազագույն չափանիշներին չհամապատասխանող պայմաններում,  և նրանց, ովքեր ապրում են միաժամանակ մի քանի գործոններով նվազագույն չափանիշներին չհամապատասխանող պայմաններում: Զեկույցը ցույց է տվել կենսապահովման զարգացման հետագա ծրագրերի շրջանակներում հյուսիսային երեք մարզերի գյուղական համայնքներին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ներկայացրել է LEAD ծրագրի և իր նախկին ծրագրերի փորձը՝  աջակցելու տեղական համայնքներին և բնակչությանը, որոնք ապրում են անվտանգության խնդիրներ ունեցող և/կամ տարբեր արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներում։

Տվյալների ներկայացմանը հետևեց ակտիվ քննարկում վերհանված խնդիրների շուրջ, հնչեցին մատակարարման շղթայի խոցելիությունը հաղթահարելու նպատակով մասշտաբային կիրառման ենթակա լուծումների ստեղծման առաջարկներ»,- այտնում են ՄԱԿ ՊԿԳ Հայաստանի գրասենյակից։

Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են Հայաստանի տնտեսական զարգացման գործում ակտիվ դերակատարում ունեցող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, համանման ծրագրեր ֆինանսավորող կառույցների, ներառյալ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում