«Խաղաղություն», թե խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմադիր դաշտից արվող պնդումներին ու խաղաղության մասին պատկերացումներին:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պնդում է, թե նախկինում էլ է եղել խաղաղություն: Այս պնդումը ցինիկ սուտ է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր ու ավելի շատ թվով վիրավորներ: Չի եղել խաղաղություն, եղել է պատերազմի հետաձգում, իսկ դրա համար վճարել ենք գին Հայաստանի անկախությունով, պետականությամբ, տնտեսական զարգացմամբ և բարեկեցությամբ:
Այդ վճարամիջոցը սպառվել է արդեն 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, և սեղանին է դրվել բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս է ցնդեցրել ղարաբաղյան հակամարտության բոլոր պատկերացումները:
Մենք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ ունենք խաղաղություն: Նախորդ շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, և այս փաստն ապացուցվում է նրանով, որ 2025-ն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր:
Գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից»,- նշել է վարչապետը:
Նա նաև հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, իսկ իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամրագրված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի, և դա սահմանազատման հանձնաժողովների վավերացրած համատեղ գործունեության կանոնակարգի հաստատումն է ու դրա վավերացումը, որը տվել է փաստաթղթին իրավաբանական ուժ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Կարծիքներ