«Մեր քաղաքային միջավայրն անպատկերացնելի է առանց Չուբարյանի քանդակների». Ժաննա Անդրեասյան
Այսօր լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը:
Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Ղուկաս Չուբարյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Ղուկաս Չուբարյանի ընտանիքի անդամներն ու ընկերները, մտավորականներ:
«Կարծում եմ՝ մեր քաղաքային միջավայրն անպատկերացնելի է առանց նրա քանդակների: Դրանք մեր քաղաքի մի մասն են: Հոբելյանական տարիները ևս մեկ առիթ են՝ վերաիմաստավորելու և վերարժևորելու մեր արվեստագետների թողած հսկայական ժառանգությունը: Միջոցառումների շարքը, որը նախատեսված է անցկացնել Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ևս մեկ անգամ հնարավորություն կտա ներկայացնելու, պատմելու Չուբարյանի քանդակների մասին, ինչպես նաև դրանք դարձնելու ճանաչելի և տեսանելի մեր դպրոցականների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նշել է նաև, որ Երևանի Մանկական այգում տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակը:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում. արվեստագետը երկար տարիներ դասավանդել է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ ևս կկազմակերպվեն միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ ձևավորվել էր աշխատանքային խումբ մեծանուն երկու արվեստագետների՝ Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի հոբելյանները պատշաճ կազմակերպելու և նշելու համար։
«Չնայած կյանքի դժվարություններին՝ նրանք ստեղծել, արարել են, հարստացրել են քաղաքը, երկիրը, մշակութային միջավայրը, ինչու չէ՝ մեր էմոցիոնալ և հոգևոր աշխարհը: Այն արձանները, որոնք դրված են քաղաքում՝ Մաշտոցի, Թումանյանի արձանները, մեր կենսագրության, քաղաքի, մեր հիշողության մեջ արմատավորված են: Դրանք արժեքներ են՝ առանց որոնց մենք չենք պատկերացնում մեր քաղաքը և մշակույթը»,- ավելացրել է նախարարի տեղակալը:
Կարծիքներ