ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները:
Շոմբի Շարփը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտել է խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը:
Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը:
Կարծիքներ