Քննարկում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Քննարկում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:

Քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։

Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, դպրոցները կառավարվելու են կրթական և վարչական գործառույթներով։

Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ վարչական կառավարումը՝ համակարգող տնօրենին։ Վարչական կառավարման մեջ ներառվում է հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Այնուհետ նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերի մշակմանն ու բովանդակությանը, դրանց իրագործելի լինելուն։

Նախարարի տեղակալը նաև խոսել է ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորման մասին:

«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադարձ է եղել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին, դպրոցներում իրականացվող բարեգործական ծրագրերի հասցեականությանը, կրթահամալիների հիմնմանը և դրանց արդյունավետությանը:

Քննարկվել են նաև դասարանների կազմավորման կարգին, դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:

Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են տնօրենների կողմից բարձրացված հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում