Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն առաջին տասնօրյակում +40…+42 աստիճան է լինելու. Սուրենյան

Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն առաջին տասնօրյակում +40…+42 աստիճան է լինելու. Սուրենյան

Օգոստոսին մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 2-3 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայից պակաս: Այսինքն՝ սպասվում է մեր բազմամյա միջին արժեքների համեմատ բավականին շոգ և սակավատեղում օգոստոս: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում»,- հայտարարեց Սուրենյանը:

Շիրակում ցերեկային ժամերին կլինի +32…+36 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +32…+36, նախալեռնային գոտիներում՝ +36…+39, Գեղարքունիքում՝ +31…+35, Լոռիում՝ +32…+35, Տավուշում՝ +36…+39, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ +32…+34, նախալեռներում՝ +36…+40, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ +40…+42, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ +30…+34, Սյունիքի հովտային գոտիներում՝ +39…+42, Սյունիքի լեռնային գոտիներում՝ +32…+35, նախալեռներում՝ +32…+36 աստիճան:

«Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն առաջին տասնօրյակում +40…+42 աստիճան է լինելու»,- ասաց նա:

Ըստ Սուրենյանի՝ մինչև օգոստոսի 9-ը ներառյալ Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ըստ այդմ՝ մինչև օգոստոսի 9-ը ներառյալ օդի ջերմաստիճանի փոփոխություն չի կանխատեսվում: Միայն օգոստոսի 10-ից հետո երկրում ջերմաստիճանը կարող է նվազել 3-4 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում