Ովքեր վարակվել են Covid-19-ով կամ պատվաստված են ԱՀԿ-ի հաստատած պատվաստանյութով, կկարողանան մեկնել Շենգենյան տարածք
Յուրաքանչյուր ոք, ով վարակված է եղել Covid-19-ով կամ պատվաստված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութով, կկարողանա մեկնել Շենգենյան գոտի,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծն այսօր ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովին։
Նախաձեռնության համաձայն՝ երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել ԵՄ և Շենգենյան տարածք, եթե նրանք ամբողջությամբ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով կամ վարակված են եղել Covid-19-ով: Բացի դրանից, բոլոր ճանապարհորդները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ, որն անցկացվել է վերջին 72 ժամում։ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կանոնը կիրառել հունվարի 10-ից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութերն են՝ «Moderna», «Pfizer», «Astrazeneca», «Sinopharm», «Sinovac», հնդկական «Covidshild» և «Kovaxin»։
Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրահանձնաժողովը հանդես էր եկել պատվաստումների համահավաստագրի վավերականությունը երկրորդ պատվաստումից ինն ամիս սահմանելու նախաձեռնությամբ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնում համարում են, որ Covid-19-ի պատվաստանյութի երկու դեղաչափը գործում է վեց ամիս:
Եվրահանձնաժողովից հայտնել են, որ նշված վեց ամիսներին կավելացնեն երեք ամիս, որպեսզի Եվրամիության քաղաքացիները հասցնեն պատվաստվել «բուստերով»:
Բացի այդ, նոր առաջարկի համաձայն՝ այն երկրների քաղաքացիներին, որտեղ Covid-19-ի տարածվածությունը ցածր է, ԵՄ կթույլատրվի մուտք գործել առանց պատվաստումների հաստատման։ Առաջին փուլում՝ 2022 թվականի հունվարի 10-ից փետրվարը կմեղմացվեն այն չափանիշները, որոնցով երկրները կընդգրկվեն «կանաչ կարգավիճակ» ունեցող պետությունների ցանկում։ Արդեն 2022 թվականի մարտի 1-ից «կանաչ պետությունների» ցուցակը նախատեսվում է ընդհանրապես վերացնել։
Եվրահանձնաժողովը պարզաբանում է, որ համապատասխան փոփոխությունը կապված է պատվաստումների առումով աշխարհում գրանցված առաջընթացի հետ։ Բացի այդ, Բրյուսելում ասում են, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել այցելուի կարգավիճակին, այլ ոչ թե երկրի համաճարակաբանական իրավիճակին, որտեղից այն գալիս է:
Կարծիքներ