Որևէ տարածք չի հանձնվելու. Ինչի՞ շուրջ են բանակցությունները
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանին իրականացված սադրանքը, որը շարունակվում է արդեն ավելի քան 1 շաբաթ, իրական սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում հայկական կողմը փորձում է խնդիրը լուծել օգտագործելով իր ձեռքի տակ առկա դիվանագիտական և ռազմաքաղաքական գործիքակազմը՝ գործարկելով ՀԱՊԿ-ի մեխանիզմները, ինչպես նաև ՌԴ հետ դաշնակցային կապերը։ Իրավիճակի հաղթահարման և հետագայում նման միջադեպերից խուսափելու նպատակող՝ ռուսական կողմը հանդես է եկել առավել համակարգային առաջարկով՝ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման գործընթաց: Մի քանի օր ընթացող քննարկումների ֆոնին արտահոսքի արդյունքում հայկական տեղեկատվական տիրույթում հայտնվեց կողմերի միջև քննարկվող աշխատանքային փաստաթղթի նախագիծը: Շրջանառվող փաստաթուղթը վերաբերում է միմիայն ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման (դելիմիտացիայի) հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծում և սահմանում է դրա աշխատանքների ընթացակարգը:
Միջազգային պրակտիկայում սահմանակից երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։ Սահմանների ճշգրտման առաջին փուլը համարվում է սահմանազատման (դելիմիտացիայի) գործընթացը, որի ընթացքում կարող են իրականացվել տարածքի օդային լուսանկարում, տեղագրական քարտեզի կազմում կամ թարմացում, արխիվային քարտեզների ուսումնասիրություն, աշխատանքային քարտեզի նախապատրաստում, դելիմիտացիոն քարտեզի պատրաստում, դելիմիտացիոն փաստաթղթերի համաձայնեցում և այլ աշխատանքներ: Դելիմիտացիայի գործընթացի հաջող ավարտից հետո միայն կողմերը սկսում են երկրորդ փուլը՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացը, ինչը ենթադրում է սահմանազատման արդյունքների հիման վրա երկրի մակերևույթի վրա սահմանի անցկացումը՝ համապատասխան ցուցանակների կամ այլ նշանային ենթակառուցվածքների միջոցով:
Շրջանառվող փաստաթղթի համաձայն՝ այս փուլում քննարկումները ընթանում են միայն դելիմիտացիան հանձնաժողովի հատկանշական է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի վերաբերյալ շրջանառվող փաստաթղթում չկա որևէ հիշատակում դրա գործունեության ժամկետների վրա: Տարբեր երկրների օրինակը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև սահմանների ճշգրտման գործընթացը բավական տևական է և կարող է ձգվել տարիներ և անգամ տասնամյակներ: Որպես վառ օրինակ կարող ենք նշել Հայաստանի և Վրաստանի սահմանների ճշգրտման գործընթացը, որը սկսվել է դեռ 1996թ.-ին և մինչ օրս չի ավարտվել:
Կարևոր է արձանագրել նաև, որ թեև հայկական կողմն առնվազն հետաքրքրություն է հայտնել սահմանների ճշգրտման հանձնաժողով ստեղծելու ռուսական առաջարկին, սակայն այս հարցում առաջ է քաշել հստակ նախապայման: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի շուրջ որևէ գործընթաց հնարավոր չէ սկսել, քանի դեռ ադրբեջանական ուժերը չեն հեռացել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նման դիրքորոշումը բավական կարևոր է, քանզի հայկական կողմը հստակ արձանագրել է, որ այն Հայաստանի սահմաններից ներս ընկած բարձունքները, որոնք զբաղեցրել են ադրբեջանական ուժերը երբեք չեն եղել վիճելի և բնականաբար թույլ չի տա, որ Բաքուն դրանք օգտագործի որպես ճնշման գործիք Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում:
Թեև սահմանազատման հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ բանակցվող հայտարարության տեքստը արդեն հրապարակված է և ցանկացած քաղաքացի կարող է ծանոթանալ դրա բովանդակությանը, փաստաթղթի շուրջ շահարկումները բավական մեծ ծավալներ են ստացել: Առավել տարածում գտած կեղծ թեզերից մեկի համաձայն՝ տվյալ փաստաթուղթը իբր ենթադրում է Հայաստանից 6 գյուղի (խորհրդային շրջանի անկլավներ) փոխանցում Ադրբեջանին: Տվյալ թեզը լիովին կեղծ է, քանզի շրջանառվող փաստաթուղթը չի ենթադրում ո՛չ տարածքի փոփոխություն, ո՛չ պետական սահմանի որոշում և ո՛չ էլ անգամ սահմանների որոշման կանոններ կամ սկզբունքներ: Փաստաթուղթը միայն ենթադրում է դելիմիտացիայի հարցով բանակցությունների սկիզբ, բանակցողների ու քննարկվող հարցերի շրջանակի որոշման ժամկետներ: Ավելին, ըստ ՀՀ 2010թ. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի՝ տվյալ անկլավները հանդիսանում է Հայաստանի անքակտելի մաս: Ուստի դրանց պատկանելիության վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ բացառապես միջպետական պայմանագրի կնքմամբ, Սահմանադրական դատարանում դրա վերաբերյալ դրական եզրակացությամբ, ԱԺ կողմից վավերացման և հանրաքվեի միջոցով (ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդված): Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է արձանագրել, որ «ինչ-որ գաղտնի փաստաթղթով Ադրբեջանին ինչ որ տարածքներ հանձնելու» թեզը բացարձակ կեղծ է, քանզի փաստաթուղթը նման բան չի ենթադրում, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կառավարությունը չունի նման իրավասություն, և հարցերի վերջնական որոշողը ժողովուրդն է՝ հանրաքվեի միջոցով:
Այսպիսով, սահմանների ճշգրտման գործընթացը կարևոր է՝ երկարաժամկետ կտրվածքում սահմանային միջադեպերն իսպառ բացառելու և նոր սահմանային ճգնաժամերից խուսափելու համար։ Շրջանառվող հայտարարությունը վերաբերում է միմիայն այդ գործընթացի առաջին փուլի՝ դելիմիտացիայի կազմակերպման ձևաչափի ձևավորմանը և ինչպես հայտարարել է հայկական կողմը՝ այն չի կարող ստորագրվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը չեն հեռացել Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Կարծիքներ