Մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը. Նիկոլ Փաշինյան

Մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը. Նիկոլ Փաշինյան

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսօր Ադրբեջանը ռազմական առումով Հայաստանից բավականին ուժեղ է, ինչը մենք նաև տեսանք 2020-ի պատերազմի ժամանակ։ Ձեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց՝ կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է ուղղել La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանը:

Ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է.

«Մենք չենք կապում և չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և, ըստ էության, անընդհատ այդ հարցն առաջ են բերում: Բայց ընդհանրապես, եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, եթե հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ: Եվ սա ճիշտ է ոչ միայն ռազմական գերտերություն չհանդիսացող երկրների համար, սա ճիշտ է ընդհանրապես բոլոր դեպքերում, այսինքն՝ որպես բանաձև: Այդպիսի օրինակներ պատմության մեջ շատ են եղել: Թվում է թե, երբ որևէ պետություն ռազմական առումով ուժեղ է, կարող է չմտածել հարևանների հետ և ընդհանրապես կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, բայց նաև պատմության շատ օրինակներ, նաև այսօրվա օրինակներ, ցույց են տալիս, որ թվացյալ ռազմական հզորությունը չի նշանակում անխոցելիություն: Եվ, հետևաբար, կարծում եմ, որ խաղաղությունը մի բան է, որով պետք է շահագրգռված լինեն բոլորը` տարածաշրջանի բոլոր երկրները, այլ բան, որ հասկանալի է, որ կան շահեր, որ հեշտ չէ այդ նպատակին հասնել: Բայց, հենց դրանում է քաղաքական առաջնորդության դժվարությունը, որ երբեմն հնարավոր դարձնել այնպիսի բաներ, որոնք թվում են անհնար: Եվ դա շատ դժվար է: Եթե դժվար չլիներ, վաղուց լուծված կլիներ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցելության և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ: Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ահա, այսպիսի որակը։

Ճշտող հարցին` թեպետ ՀՀ վարչապետը դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից զատ, բայց կա մեկ այլ խնդիր, այն նույն խնդիրը, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է համարել երաշխիք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար ընդդեմ Բաքվի ճնշումների, և այստեղ ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին»,- հարցին Փաշինյանը պատասխանել է.

«Հասկանալի է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորվածությունն էականորեն կնվազեցնի լարվածությունը Հարավկովկասյան տարածաշրջանում: Իհարկե, այդ ամեն ինչը փոխկապակցված է: Ընդհանրապես, տեսեք, ի՞նչ գաղափարախոսություն ենք մենք հիմա փորձում իրագործել, որը էլի շատ հեշտ չէ: Եվ ինձ նաև այդ հարցն են հաճախ տալիս՝ երաշխիք կա՞, որ այդ գաղափարախոսությունն իրականություն կդառնա:

Վերջերս մի հարցազրույցներից մեկում, երբ լրագրողն ինձ հարց տվեց, և ես հասկանում եմ այդ հարցը, որովհետև դա տարածված ընկալում է ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս, այլև հենց մեր տարածաշրջանում, հենց մեր երկրում, որովհետև մենք աշխարհը, կարծես, նաև քաղաքական քարտեզը սովոր ենք ընկալել Արևմուտքի և Արևելքի արանքում կամ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Եվ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում կամ Դուք գտնվում եք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, ես ասացի, որ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք:

Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար՝ մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, իհարկե, որևէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը և կարևորությունը մեր տարածաշրջանի և իհարկե, նաև մեր երկրի համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում